Ինչպես ավիացիոն կանոններն են ասում՝ վթարի ենթարկվում են կա´մ գերպրոֆեսիոնալները, կա´մ սկսնակները. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի մասին, որոնք այսօր Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին: Նա նշեց, որ Արմեն Բաբայանը հոր հետ ջոկատով մասնակցել է Արցախյան պատերազմին` լինելով անչափահաս, հետո ընդունվել է Ավիացիոն ինստիտուտ և ավարտել: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրա հորեղբայրը մահացել է Արցախում էլի ավիավթարից, ով ավիացիայի վարչության պետի տեղակալն էր, Խորհրդային Միությունում շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու: «Արմենը գնացել էր հորեղբոր ճանապարհով, ցավոք, ինչպես ավիացիոն կանոններն են ասում՝ վթարի ենթարկվում են կա´մ գերպրոֆեսիոնալները, կա´մ սկսնակները»,-ասաց նա և նշեց, որ նրան կուրսանտները շատ էին սիրում ու լավ ինստրուկտոր համարում: Խոսելով Մովսես Մանուկյանի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Մովսեսի հոր և հորեղբոր հետ ծառայել է, և իրենք իրեն հարևան են եկել: Նա ասաց, որ ընտանիքի անդամները, այդ թվում՝ նաև մայրը, օդաչուներ էին և Զինված ուժերում են ծառայում: «Նա անչափահաս տարիքից՝ մեծացավ աչքը երկնքին հառած»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած ասում են, թե օդաչուները չեն մահանում, նրանք գնում ու հետ չեն գալիս, սակայն նրանց մահը մեծ կորուստ համարեց: Ինչ վերաբերում է պատճառներին, նա նշեց, որ քննություն է իրականացվում, սակայն բացառեց անձնային հարաբերության խնդիր: «Քննություն կա, ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել: Ցավոք, ավիացիան այսպես է, կորուստներ լինում են»,-ասաց նա և նշեց, որ դա ուսումնավարժական թռիչք էր, օրվա առաջինը, որն անվանում են «հետախուզական թռիչք»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.