Գնումների մասով չարաշահումների վերաբերյալ նամակ է ուղարկվել ԱԱԾ. Առողջապահության նախարար

Առողջապահության ոլորտը հատուկ է ու նուրբ: Լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով իր հայտարարության մասին, որ անուններ է հնչեցնելու, թե որտեղ են եղել չարաշահումները: «Խոսքը ոչ թե չարաշահումների մասին է, այլ՝ անարդյունավետ բաշխումների, երբ պետությունը, գումար չունենալով, առողջարանային բուժում է իրականացնում: Մենք չենք կարող մեզ շռայլ ծախսեր թույլ տալ: Պայմանագրերի վերանայում է արվում, երեկ որոշել ենք 100 միլիոնի մասին, 200 միլիոն էլ մոտակա օրերին խնայել: Գների վերանայման շնորհիվ գուցե ունենանք խնայողություն»,- ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը նշեց, որ գնումների մասով չարաշահումների վերաբերյալ նամակ է ուղարկվել ԱԱԾ: Ըստ նրա՝ իրենք «քնած չեն, գիտեն, թե որտեղ ինչ է կատարվում»: «Առողջապահության ոլորտը սպեցիֆիկ, նուրբ ոլորտ է, ու լայնամաշտաբ օպերացիաներ, ձերբակալություններ և այլն չեն կարող լինել: Ամեն կոնկրետ հիմնարկ կամ ծրագիր կուսումնասիրվի և երբ ունենանք բյուջե հետ բերված գումար՝ կորոշենք, թե ինչի վրա ենք դրանք ծախսելու»,- նշեց Արսեն Թորոսյանը: Նա ասաց, որ հակակոռուպցիոն միջոցառումները միշտ դիմադրության են ենթարկվելու: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, որը հնչեցրել էր մինչև նախարար դառնալը, որ չսահմանված վայրերում ծխողների նկատմամբ պետք է խոշոր չափերի տուգանք սահմանել, որ մարդիկ չծխեն, ապա Թորոսյանն ասաց, որ ցանկացած տուգանք արգելք սահմանելու միջոց է: «Եթե որոշենք, որ հանրային վայրերում ծխելն արգելված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկենք, որ արգելքը չխախտվի: Եթե ուզում ենք, որ արգելքը խախտվի 5000 դրամով, ուրեմն չարգելենք, թող բոլորը ծխեն: Տուգանքը չպետք է լինի վճար՝ ծառայությունից օգտվելու համար: Տուգանքը երբեք չպետք է լինի այնքան մատչելի, որ մարդիկ 5000 դրամ տան ու ծխեն: Տուգանքի չափերը պետք է նայել միայն այս տրամաբանության մեջ»,- ասաց նա: Ըստ նրա՝ հաստատությունը ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր տարածքում չծխեն, ոչ թե անձը, որը գնում է որևէ վայր, մտածի չծխելու մասին: Նախարարն ասաց, որ չծխելը խրախուսող միջոցառումներ են նախատեսվում: «Առողջություն ենք պարգևում, գումար ենք պարգևում՝ սիգարետի վրա չծախսված: Ոչ մեկ չի ակնկալում, որ օրենքի ընդունումից հետո միանգամից նվազելու է ծխողների թիվը, բայց մենք ինչ-որ տեղից պետք է սկսենք»,- նշեց Արսեն Թորոսյանը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.