Թեհրանի ապտակը` Բաքվին

Անդրկովկասում շարունակվում են ընթանալ բավականին հետաքրքրական գործընթցներ, որոնք կապված են հատկապես արցախյան խնդրի հետ: Ինչպես հայտնի է, Իրանում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որն այս երկիր է այցելել` քննարկելու իր երկրի ու Իրանի միջև ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Հարկ է նշել, որ այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ զորավարժություններ: Եվ ահա ապրիլի 16-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հանդես է եկել մի հայտաարությամբ, որը, բավական խորքային պետք է համարել: Նա, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն, որպեսզի երրորդ ուժը միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չտա»: Թե ինչ կարող է այս հայտարարությունը նշանակել մի պարագայում, երբ հայ-ադրբեջանական բանակցությունները փաստացի կասեցված են, իսկ արցախյան ճակատում ստեղծված իրավիճակը`բավական պայթյունավտանգ, առավել քան ակնհայտ է: Նախ`պարզ  է, որ Հասանովի այցն Իրան, ստուգողական այց է. ազերիները փորձում են շոշափել այն տրամադրությունները, որոնք տիրում են հարևան երկրում`կապված Անդկովկասում ստեղծված իրավիճակի հետ: Այլ կերպ ասած` փորձում են հասկանալ`եթե Բաքուն հարձակման գնա, ի՞նչ արձագանք այդ քայլը կստանա  տարածաշրջանային տերություն համարվող Իրանում: Եկրորդ`ի՞նչ կասի Իրանը,եթե Ադրբեջանի միջնորդությամբ այստեղ սկսեն իրավիճակ թելադրել արևմտյան ուժերը, որոնք, ինչպես հայտնի է, այքնան էլ դրականորեն տրամադրված չեն Թեհրանի նկատմամբ: Իսկ այն, որ հակամարտության վերաբռնկման պարագայում Արևմուտքը միմիայն կրկին յուղ է  ավելացնելու դրան, ոչ ոք այստեղ չի կասկածում: Ավելին` եթե Բաքուն իրապես որոշի գնալ արկածախնդրության, ապա դա անելու է բացառապես նույն Արևմուտքի աջակցությամբ: Իրանը լավ է հասկանում այս ամենն ու, բնականաբար, ջանում թույլ չտալ որևիցե արկածախնդրության կրկնություն իր իսկ քթի տակ: Ի դեպ` Թեհրանին ձեռնտու չէ նաև խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայումը Անդկովկասում, ինչը ենթադրելի է հարցի դիվանագիտական լուծման պարագայում: Քանզի այդ դեպքում անմիջապես իր իսկ սահմանների մոտ տեղակայվելու են խաղաղապահ զորքեր, որոնց կազմը, ենթադրելի է, ամենևին էլ միատարր չի լինելու. կլինեն և՛ ռուսներ, և՛ եվրոպացիներ, և՛ ամերիկացիներ: Իսկ այս պարագում Թեհրանն իր համար մեծ վտանգներ է տեսնում: Հետևաբար` առայժմ Թեհրանի, ինչպես և նրա դաշնակից Ռուսաստանի համար միակ ընդունելի տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է, ինչը, բնականաբար, բխում է մեր շահերից` առնվազը կարճաժամկետ:
Մեկնաբանություններ