Լևոն Մկրտչյանը` փաստի առաջ

Մի չափազանց ուշագրավ հրապարակում է տեղ գտել մամուլում. կայքերից մեկը, ստուգելու համար, թե որքանով են հավաստի  այն պնդումները, թե հանրապետության կրթօջախներն այս օրերին  դարձել են ՀՀԿ-ալան շտաբներին նմանվող վայրեր, մի յուրատեսակ փորձության է ենթարկել հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին: Կայքից զանգահարել են կրթօջախներ ու ներկայանալով` ՀՀԿ-ի գլխավոր շտաբում կուսակցական աշխատանքով զբաղվող ՀՀԿ-ականներ` մանրամասն հաշվետվություն են պահանջել կրթօջախների տնօրեններից արված-չարված գործերի համար: Այս ամենի արդյունքում հաջողվել է փաստարկված կերպով ապացուցել, որ 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել իրենց կողմից ղեկավարվող կրթօջախներում հանրապետականամետ աշխատանքով ու ձայներ հավաքագելու գործով: Բոլորն են, հավանաբար, հիշում Լևոն Մկրտչյանի այն կարգադրությունը, որը նա իջեցրել էր` կապված նախընտրական այս շրջանում առաջացած ռիսկերի հետ. նախարարն ուղղակիորեն հրահանգել էր հանրային կրթօջախներում ձեռնպահ մնալ կուսակցական կամ քաղաքական որևիցե տեսակի գործունեություն ծավալելուց: Պարզվում է, սակայն, որ նույն այդ կրթօջախների տնօրենները փաստացի ոտնատակ են տվել իրենց նախարարի պաշտոնական կարգադրությունն ու լծվել Հանրապետականի օգտին ձայներ կորզելու գործին: Միանգամայն բնական հարց է առաջանում` արդյոք Լևոն Մկրտչյանը, տեղեկանալով իր ոլորտում տիրող իրավիճակին, կունենա՞ բավարար կամք ու վճռակամություն` պատասխանատվության ենթարկելու բոլոր այն կրթօջախների տնօրեններին, ովքեր փաստացի օրենք են խախտել ու իրականացրել հակաօրինական գործունեություն: Կհանդգնի՞, արդյոք, Լևոն Մկրտչյանը առնվազը կարգապահական տույժերի ենթարկել  իր իսկ խոսքն ու կարգադրությունն առհամարհած մանկավարժներին: Գրեթե 100%-ով կարող ենք ասել`ո՛չ, նման բան նա չի անի: Ու չի անի ոչ միայն այն պատճառով, որ պարզապես չի ցանկանում հարաբերություններ փչացնել ՀՀԿ-ի իր գործընկերների հետ, այլև այն պատճառով, որ ուղղակի նրան քաղաքականապես կլիկվիդացնի իր իսկ կուսակցությունը`ճակատագրական այս օրերին  իշխող ՀՀԿ-ի հետ անտեղի վեճի բռնվելու համար: Հետևաբար` ո՞րն է կոալիցիա կազմելու բուն իմաստն ու նպատակն, եթե քո կուսակցությունը չունի այն թափն ու կշիռը, որպեսզի գոնե իր ղեկավարության տակ գտնվող  ոլորտը կարողանա տնօրինել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում: Ի՞նչ է, կոալիցիան միայն կերակրատաշտից օգտվելու թույլտվություն ստանալու համա՞ր է… Ցավոք, այն, ինչի մասին խոսք գնաց վերևում, ևս մեկ անգամ փաստում է այն հայտնի ճշմարտությունը, որ Հայաստանում ընտրություններն ընդամենը ֆիկցիա են, ոչինչ, մի ինչ-որ ձևական արարողութուն, որը, ոչ մի ընդհանուր աղերս չունի իրականության հետ. այս ամենն ընդամենը մեկ բանի համար է ավում` օրինականացնելու ՀՀԿ-ի  վերարտադրությունը:      
Մեկնաբանություններ