fbpx
/// Պարոնա՛յք չինովնիկներ, ինչի՞ վրա եք այդքան հրճվում

Պարոնա՛յք չինովնիկներ, ինչի՞ վրա եք այդքան հրճվում

Ինչպես և աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես հունիսի մեկը նշվում է որպես երեխաների իրավունքների պաշտպաբության օր: Հանուն արդարության պետք է նշել, որ պետությունն ամեն ինչ անում է այս օրը հավուր պատշաճի երեխաների համար նշանավորելու, այն, ինչպես ասում են, նրանց համար անմոռանալի դարձնելու համար. զանազան միջոցառումներ են տեղի ունենում, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են մի քանի ժամով մանկանում` միանալով մանկական այս կամ այն միջոցառմանը և այլն: Մի խոսոքով` այդ օրը բարության ու ջերմության մի յուրահատուկ մթնոլորտ է տիրում:

Սակայն որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ այդ բոլոր միջոցառումները, որքան էլ վառ ու գունավոր, չեն կարող կոծկել այն իրական խնդիրները, որոնց այսօր բախվում են հայաստանցի մանուկներից շատերը: Իսկ խնդիրներն այդ կրում են հայկական իրականությանը հատուկ բնույթ. դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե այսօր Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունն ինչ մակարդակի է, բավական է ընդամենն ուսումնասիրել որոշ թվեր. ԱՎԾ 2015 թվականի տվյալների համաձայն` Հայաստանում 0-17 տարեկան երեխաների թիվը եղել է շուրջ 690 300: Նրանց 33.7%-ն ապրել է աղքատության, իսկ 2.5%` ծայրահեղ աղքատության մեջ: Այսինքն` աղքատ է եղել մոտավորապես 232 000, իսկ ծայրահեղ աղքատ`մոտ 17 000-ը:Ու չնայած դեռևս 2016-ի տվյալները հայտնի չեն, բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ իրավիճակը դժվար թե շտկված լինի:

Այսքանից հետո մի շատ բական ու տրամաբանական հարց է առաջ գալիս`իրականում այդ ո՞ր մանուկների տոնն է հունիսի 1-ը, մի՞թե, այնուամենայնիվ, միայն չինովնիկների կամ նրանց հետ համահավասար սոցիալական մակարդակի վրա գտնվողների երեխաների: Ասենք ի՞նչ է արել կամ անում նույն պետությունը`Հայաստանում այս զազրելի պատկերը շտկելու համար: Երբ ուսունասիրում ես համապատասխան քրոնիկոնը, հասկանում ես`ոչ մի:

Ցավոք, Հայաստանում մշտապես առկա է եղել սոցիալական անհավասարությունը: Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ սոցիալական անհավասարությունն այսօր ուղղակիորեն արտահայտվում է նաև երեխաների վրա, ինչն ուղղակիորեն փաստում է, որ մեր պետությունը ոչ մի էական քայլ չի կատարում, ոչ մի լուրջ ծրագիր չունի` գոնե երեխաների շրջանում ասենք նույն մուրացկանությունը վերացնելու համար, ու բոլոր խնդիրներն ընկած են ընտանիքների վրա. մանկական նպաստը չնչին գրոշներ է կազմում այն պարագայում, երբ միլիոնատեր ու միլիարդատեր չինովնիկների պակաս մեր երկիրն առանձնապես չի զգում:

Դե հիմա ասեք`այսքանից հետո ի՞նչ տոն…

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-06-01T21:25:26+00:00 Հունիսի 1 21:25|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Պարոնա՛յք չինովնիկներ, ինչի՞ վրա եք այդքան հրճվում-ում
//
//