TRIPP-ը նախևառաջ Ռուսաստանն ու Իրանը մեկուսացնելու աշխարհաքաղաքական նախագիծ է. պրոֆեսոր Արման Գրիգորյան

TRIPP-ը նախևառաջ Ռուսաստանն ու Իրանը մեկուսացնելու աշխարհաքաղաքական նախագիծ է. պրոֆեսոր Արման Գրիգորյան

Հայաստան22:54 | նոյեմբերի 11, 2026TRIPP-ը նախևառաջ Ռուսաստանն ու Իրանը մեկուսացնելու աշխարհաքաղաքական նախագիծ է. պրոֆեսոր Արման Գրիգորյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

TRIPP-ը նախևառաջ Ռուսաստանն ու Իրանը մեկուսացնելու աշխարհաքաղաքական նախագիծ է. պրոֆեսոր Արման Գրիգորյան<!—>

]—>

Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Արման Գրիգորյանը կարծում է, որ Իրանը չի կարող հանգիստ վերաբերվել TRIPP նախագծի իրականացմանը, քանի որ, փորձագետի կարծիքով, դրա հիմնական նպատակը ոչ թե տարածաշրջանի տնտեսական զարգացումն է, այլ Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական դուրսմղումը։ Այդ մասին նա հայտարարել է NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդմանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով նախագծի հեռանկարներն ու Թեհրանի արձագանքը։

Գրիգորյանն առաջարկել է նախևառաջ հասկանալ TRIPP-ի էությունը։ Նա նշել է, որ Հայաստանը նախկինում հրաժարվել էր կատարել հրադադարի մասին համաձայնագրի իններորդ կետը, քանի որ երթուղու անվտանգությունը վերահսկելու նպատակով իր տարածքում ռուս սահմանապահների տեղակայումը համարում էր անհամատեղելի երկրի ինքնիշխանության և անկախության հետ։ Սակայն հետագայում Երևանը համաձայնել է պայմանների, որոնք, պրոֆեսորի գնահատմամբ, նույնպես ինքնիշխանության սահմանափակում են ենթադրում։

«Որքան էլ պնդեն, թե Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ չի սահմանափակվում, խոսքը որոշակի տարածքը և դրա շահագործումը որոշակի ժամկետով Միացյալ Նահանգներին հանձնելու մասին է։ Դա այլ կերպ, քան մեր ինքնիշխանության սահմանափակում, նկարագրել հնարավոր չէ»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել դեռևս չպարզաբանված հարցերին՝ ով է վերահսկելու մուտքն ու ելքը, ինչպես նաև իրականացնելու մաքսային գործառույթները Հայաստանի տարածքով Նախիջևան ուղևորվող ադրբեջանական ապրանքների նկատմամբ։

Պրոֆեսորի գնահատմամբ՝ TRIPP-ը բացառապես որպես տնտեսական նախագիծ ներկայացնելը, որը կապահովի հաղորդակցությունների ապաշրջափակումն ու ԱՄՆ-ին հնարավորություն կտա ներգրավել տարածաշրջանում, չի արտացոլում դրա սկզբնական մտահղացումը։

«Դա տնտեսական նախագիծ չէ։ Հենց սկզբից խոսքն աշխարհաքաղաքականության մասին էր։ Դա նոր գաղափար չէ․ դրա մասին արդեն մի քանի տասնամյակ խոսում են Արևմուտքում, Թուրքիայում և հատկապես Միացյալ Նահանգներում»,- ընդգծել է նա։

Որպես օրինակ՝ Գրիգորյանը վկայակոչել է ամերիկացի նախկին դիվանագետ Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները, որը 2024 թվականին Հայաստանում գտնվելու ժամանակ հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Ըստ պրոֆեսորի՝ Օ՛Բրայենը խոսել էր ԱՄՆ-ի աջակցությամբ երթուղին բացելու և դրա գործարկմանն առնչվող բոլոր նախագծերից Ռուսաստանին բացառելու անհրաժեշտության մասին։ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնության աշխարհաքաղաքական նշանակության մասին բացահայտ խոսել են նաև ամերիկացի փորձագետներ Մեթյու Բրայզան և Փոլ Գոբլը, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։

«Այդ աշխարհաքաղաքական իմաստը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի և Իրանի մեկուսացումը»,- հայտարարել է պրոֆեսորը։

Նրա կարծիքով՝ Թեհրանը քաջատեղյակ է այս նպատակներին, ուստի նախագծի առնչությամբ նրա մտահոգությունն անխուսափելի է։ Եթե Իրանը, այնուամենայնիվ, համաձայնի չխոչընդոտել TRIPP-ի իրականացմանը, նրան պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեն, կարծում է Գրիգորյանը։

Միաժամանակ նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչ ձևով կարող են տրամադրվել նման երաշխիքներ։

«Պատկերացնել, որ Իրանը հեշտությամբ կհաշտվի տարածաշրջանում ամերիկյան անվտանգության համակարգի՝ այս կամ այն տեսքով ներկայության հետ, հատկապես հիմա, երբ Թեհրանը որոշել է ամերիկացիներին դուրս մղել ամբողջ Պարսից ծոցից, հնարավոր է միայն շատ հարուստ երևակայություն ունենալու դեպքում»,- նշել է փորձագետը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՀայաստանԻրանՌուսաստան

Թեմա

ՔաղաքականությունTRIPP

Աղբյուրը՝ NEWS.am