«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել են

Ջրհեղեղ20:37 | նոյեմբերի 11, 2026«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել են
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պորտուգալիայում չորեքշաբթի չեղարկվել է ավելի քան 200 ժամանող և մեկնող չվերթ, ինչպես նաև փակվել են դպրոցները, հարյուրավոր սուպերմարկետներ ու ձեռնարկություններ՝ երկրին հարվածած «Շառլ» փոթորկի պատճառով, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և փոթորկային քամով, հայտնում է Reuters-ը։
Թեև փոթորիկն ավելի թույլ էր, քան սկզբում սպասվում էր, կառավարությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել։ Հունվարին և փետրվարին տեղի ունեցած մի շարք փոթորիկներին դանդաղ արձագանքելու համար հնչած քննադատությունից հետո իշխանությունները բարձր պատրաստվածության են բերել բոլոր արտակարգ ծառայություններն ու բանակային ստորաբաժանումները, չեղարկել են դպրոցների դասերը, փակել ոչ առաջնային նշանակության պետական հիմնարկները և բնակիչներին խորհուրդ տվել մնալ տանը։
Պորտուգալիայի ծովի և մթնոլորտի ինստիտուտի (IPMA) տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսի վրա ցիկլոնը բաժանվել է երկու մասի, ինչի հետևանքով թուլացել է՝ նախքան երկրի հարավային Ալգարվե շրջանում ցամաք հասնելը։ Սպասվում էր, որ երեկոյան փոթորիկը կընդգրկի Պորտուգալիայի հարավի մեծ մասը և Լիսաբոնի շրջանը։
Քաղաքացիական պաշտպանության վարչության հրամանատար Մարիու Սիլվեստրեն հայտնել է, որ իշխանությունները պահպանում են պատրաստվածության բարձր մակարդակը՝ հանկարծակի ջրհեղեղների, ուժեղ քամու և բարձր ալիքների վտանգի պատճառով։ Կեսգիշերից ի վեր արտակարգ ծառայությունները գրանցել են 538 միջադեպ։
Ավելի վաղ «Շառլ» փոթորիկն անցել էր Մադեյրա կղզեխմբով՝ առաջացնելով տեղային հեղեղումներ և տապալելով ծառեր։ Փրկարարները մի տղամարդու են փրկել, որին Մադեյրա կղզում իր ավտոտնակի հեղեղումից հետո ջրի հոսքը քշել էր։ Զոհերի և այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Կիրակի օրվանից Պորտուգալիան և հարևան Իսպանիան տուժում են «Բրունա» փոթորկի բերած հորդառատ անձրևներից։ Լիսաբոնում հեղեղվել են մի քանի հատվածներ, դրանց թվում՝ ճանապարհային թունելներ, որոնց մեծ մասը չորեքշաբթի դեռ փակ էր։
Սպասվում էր, որ չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին նոր փոթորիկը կհասնի Իսպանիայի հարավ-արևմուտք։ Իսպանիայի օդերևութաբանական AEMET գործակալությունը նախազգուշացրել է հորդառատ անձրևների, քամու և բարձր ալիքների «լուրջ կամ շատ լուրջ» հետևանքների մասին, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը «Բրունա» փոթորկից հետո։
Իսպանիայի կենտրոնական հատվածում իշխանությունները շարունակում էին Պիեդրալավես քաղաքի ավելի քան 3000 բնակչի տարհանումը։ Մարդկանց իրենց տներից տարհանել էին երեքշաբթի՝ տեղական ջրամբարի գերլցման վտանգի պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ կեսօրից տեղումների ուժգնությունը պետք է աճի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
