Շանհայում մեկնարկել է CIIE-2026-ը. ՉԺՀ փոխվարչապետը ցուցահանդեսն անվանել է աշխարհի ընդհանուր ընտրություն

Բացահայտում ենք Չինաստանը10:11 | նոյեմբերի 5, 2026Շանհայում մեկնարկել է CIIE-2026-ը. ՉԺՀ փոխվարչապետը ցուցահանդեսն անվանել է աշխարհի ընդհանուր ընտրություն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Շանհայը համաշխարհային ուշադրության կենտրոնում է՝ միավորելով բաց լինելու և համատեղ բարգավաճման երկրների ձգտումը։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ Չինաստանի ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի անցկացումը դարձել է առևտրի ազատականացման ու տնտեսական գլոբալացման պաշտպանությանն ուղղված, ինչպես նաև սեփական շուկան աշխարհի առջև ակտիվորեն բացելու Չինաստանի կարևորագույն նախաձեռնությունը։ «Ներմուծման ցուցահանդեսը Չինաստանի միակողմանի հրավերից վերածվել է բոլոր կողմերի համատեղ հանձնառության, իսկ բաց լինելու չինական նախաձեռնությունից՝ ողջ աշխարհի ընդհանուր ընտրության»,— ընդգծել է ՉԺՀ փոխվարչապետը։
Դին Սյուեսյանը նշել է, որ երկիրը նպատակաուղղված վերացնում է խոչընդոտներն ու ընդլայնում իր շուկայի հասանելիությունը. Չինաստանում մաքսատուրքերի ընդհանուր մակարդակն արդեն նվազել է՝ հասնելով 7,3 տոկոսի, իսկ ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող աֆրիկյան բոլոր թույլ զարգացած երկրների համար սահմանվել է զրոյական սակագին։
Իր ելույթում ՉԺՀ փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զարգացող պետությունների գործնական աջակցությանն ու մատակարարման միջազգային շղթաներում նրանց ինտեգրմանը։ «Մենք մեր փորձով կիսվում ենք զարգացող երկրների հետ և աջակցում Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում ու դրանց սահմաններից դուրս տարբեր արդյունաբերական պարկերի ստեղծմանը, ինչը նպաստում է տեղում զբաղվածության ապահովմանը, արդյունաբերականացմանը և առևտրի պայմանների բարելավմանը»,— նշել է Դին Սյուեսյանը՝ հերքելով Չինաստանի կողմից այլ տնտեսությունների, այսպես կոչված, «դուրսմղման» մասին վարկածները։

ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետն անդրադարձել է նաև տեխնոլոգիական վերափոխմանն ու առևտրի ընդլայնմանը։ «Չինական արտադրանքի մրցունակությունը պայմանավորված է ոչ թե պետական սուբսիդիաներով, այլ տեխնոլոգիական առավելություններով, որոնք ձևավորվել են գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում (ԳՀՓԿԱ) կատարվող մշտական ներդրումների և ընկերությունների նորարարական ներուժի շնորհիվ»,— շեշտել է Դին Սյուեսյանը՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ է խորացնել գիտատեխնիկական համագործակցությունը բոլոր երկրների հետ, զարգացնել թվային տնտեսությունն ու «կանաչ» անցումը։
Եզրափակելով խոսքը՝ Չինաստանի իշխանությունները վստահություն են հայտնել, որ տարեկան տնտեսական ցուցանիշները կկատարվեն, իսկ 15-րդ հնգամյա ծրագիրը հաջող մեկնարկ կունենա։ «Չինաստանը մշտապես կմնա համաշխարհային զարգացման հնարավորությունների կարևոր աղբյուր, և մենք անկեղծորեն ողջունում ենք աշխարհի բոլոր այն ձեռնարկություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ու ավելի խոր արմատներ գցել մեր երկրում»,— եզրափակել է փոխվարչապետը։
Նշենք, որ Շանհայում անցկացվող Չինաստանի ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսին ավանդաբար ներկայացված է նաև Հայաստանը՝ իր ազգային արտադրանքով ու տնտեսական ներուժով։ Շանհայյան մասշտաբային էքսպոյի շրջանակներում աշխատում է նաև NEWS.am-ի թղթակիցը, որն առաջիկայում ավելի մանրամասն կպատմի հայկական ընկերությունների մասնակցության և ցուցահանդեսի առանցքային իրադարձությունների մասին։
<!—>
Հասանելի է
Պատմություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
