Պալատներ, վանքեր, բուդդայական արձաններ և մետաղադրամներ. հնագետները բացահայտում են Քաբուլի հնագույն ամրոցի գաղտնիքները

Աֆղանստան04:39 | նոյեմբերի 12, 2026Պալատներ, վանքեր, բուդդայական արձաններ և մետաղադրամներ. հնագետները բացահայտում են Քաբուլի հնագույն ամրոցի գաղտնիքները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քաբուլում հնագետները հնագույն մետաղադրամներ, բուդդայական արձանների բեկորներ, վանքերի և Մեծ մողոլների դարաշրջանի շքեղ պալատի մնացորդներ են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը։
Գտածոները հայտնաբերվել են Բալա Հիսար ամրոցի վերականգնման ընթացքում, որն ավելի քան 2000 տարի ծառայել է որպես Աֆղանստանի կարևոր պաշտպանական, քաղաքական և կրոնական կենտրոն։

«Մենք երբեք չէինք մտածում, որ այսքան շատ բան կգտնենք։ Դա նման է օվկիանոսից բարձրացող սուզանավի»,- հայտարարել է հնագետ Բաբաք Ռաֆիեի-Ալավին։
Հետազոտողներին հատկապես զարմացրել են պալատական համալիրի ավերակները՝ որմնանկարներով, գահ հիշեցնող կառույցով և բլրի գագաթին ժայռի մեջ փորված աստղաձև ավազանով։ Մյուս գտածոների թվում են իսլամական ջնարակապատ խեցեղենը, ձեթի ճրագները և սպասքի բազմաթիվ բեկորները։

Բալա Հիսար ամրոցը, որի անունը դարի լեզվից թարգմանվում է որպես «Վերին ամրոց», հին Քաբուլից վեր խոյացող բարձունքի վրա է։ Իր ռազմավարական դիրքի շնորհիվ այն հնարավորություն էր տալիս վերահսկել քաղաքի մատույցներն ու Հնդկական ենթամայրցամաքը Կենտրոնական Ասիային կապող առևտրային ուղիները։
Դարերի ընթացքում ամրոցը բազմիցս ավերվել ու վերականգնվել է։ 1879 թվականին բրիտանական զորքերը ոչնչացրել են համալիրի զգալի մասը՝ վրեժխնդիր լինելով բրիտանացի դեսպանորդ Լուի Կավանյարիի և նրա շքախմբի սպանության համար։ Հետագայում տարածքը տուժել է նոր հակամարտություններից. այսօր ավերակների մեջ դեռ մնացել են ժանգոտվող խորհրդային տանկեր և ռազմական տեխնիկա։

Ամրոցի վերականգնման լայնածավալ նախագիծն իրականացնում է Աղա խանի մշակույթի հիմնադրամը։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2017 թվականին, իսկ 2022 թվականից աշխատանքները հատկապես ինտենսիվ են դարձել։ Մասնագետները տեղական քարով ամրացնում են պատերը և պեղումներ իրականացնում։ Ուսումնասիրվող տեղամասերից մեկի խորությունն արդեն հասել է 11 մետրի։
Նախագծի գլխավոր նպատակն է Բալա Հիսարը վերածել հանրամատչելի հնագիտական պարկի՝ այգիներով, ռեստորաններով և թանգարանով։ Աշխատանքը նախատեսված է տասնամյակների համար. հողի տակ դեռևս անցյալի բազմաթիվ վկայություններ են թաքնված։
«Բալա Հիսարի ցանկացած կետում, որտեղ սկսում ես փորել, անպայման ինչ-որ բան ես գտնում, քանի որ մարդիկ այստեղ ապրել են ավելի քան 2000 տարի»,- նշել է Ռաֆիեի-Ալավին։
Աֆղանստանի ներկայիս իշխանությունները նույնպես հայտարարում են երկրի պատմական ժառանգությունը պահպանելու մտադրության մասին։ Դա հակադրվում է 2001 թվականին թալիբների գործողություններին, երբ նրանք պայթեցրին Բամիանի Բուդդայի հսկա արձանները և թալանեցին Քաբուլում գտնվող Աֆղանստանի ազգային թանգարանը։
Տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Խուբայբ Գուֆրանը հայտարարել է, որ իշխանությունները հնագույն հուշարձանները անցյալի քաղաքակրթությունների մասին գիտելիքների արժեքավոր աղբյուր են համարում և մտադիր են դրանք պահպանել ապագա սերունդների համար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ՀնագիտությունՄշակութային ժառանգություն
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
