«Մուլտիտաբակի» պահեստավորված արտադրանքի վնասը գերազանցում է 3,7 մլրդ դրամը․ Էմիլ Խաչատրյան

Գագիկ Ծառուկյան11:42 | նոյեմբերի 5, 2026«Մուլտիտաբակի» պահեստավորված արտադրանքի վնասը գերազանցում է 3,7 մլրդ դրամը․ Էմիլ Խաչատրյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Միայն «Մուլտիտաբակում» պահեստավորված արտադրանքին հասցված վնասը գերազանցում է 3,7 մլրդ դրամը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Էմիլ Խաչատրյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու հարցով դատական նիստից հետո։
Փաստաբանն ընդգծել է, որ գործընթացներ են ընթանում նաև Ծառուկյանի գույքի առնչությամբ։ Նրա խոսքով՝ այս հարցում որոշակի հաջողություններ են գրանցվել․ առաջին ատյանի դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել «Մուլտիտաբակի», «Օլիմպավանի», «Մուլտիսթոունի» և «Եվրոմոթորսի» կնքմանն ուղղված քննիչների գործողությունները։ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել երեք ձեռնարկության մասով, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է դրանք։ Այդուհանդերձ, ձեռնարկությունները չեն բացվել․ ըստ փաստաբանի՝ դատախազությունը, հավանաբար, կդիմի նաև Վճռաբեկ դատարան։
Խաչատրյանը հայտնել է, որ ստեղծվել է վնասի չափը որոշող հանձնաժողով։ Դիմել են նաև համապատասխան պետական կառույցներին՝ ՍԾ-ին և Սննդամթերքի անվտանգության տեսչությանը։
Նրա խոսքով՝ միայն «Մուլտիտաբակում» պահեստավորված 3,7 մլրդ դրամ արժողությամբ արտադրանքը պիտանի չէ օգտագործման համար։ «Էլ չեմ ասում, թե ինչ շահույթ կլիներ, եթե այն օգտագործվեր։ Ամեն ինչ արձանագրված է, հետագայում գործընթացներ կլինեն»,– նշել է փաստաբանը։
Հասանելի է
Անձ
Թեմա
ԱրդարադատությունՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
