Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ռուսական 10 խոշորագույն նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին

Նավթ20:36 | նոյեմբերի 12, 2026Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ռուսական 10 խոշորագույն նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական տասը խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների դեմ, Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Էնդի Բերնհեմը, հաղորդում է PA Media-ն։
Նա շուրջ 50 երկրների ղեկավարներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ հասնելու համար նրան, որ Մոսկվան լրջորեն վերաբերվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։
Սահմանափակումների նոր փաթեթն ուղղված է նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։ Այն ներառում է պատժամիջոցներ ռուսական նավթն ապօրինաբար փոխադրող ռուսական ստվերային նավատորմի նավերի, «Սլավնեֆտ» նավթային ընկերության, ինչպես նաև «Վոստոկ Օյլ»՝ «Ռոսնեֆտի» արկտիկական առաջատար նավթագազային նախագծի դեմ։
«Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններն առաջ են շարժվել, բայց հիմա ինքնահանգստացման ժամանակը չէ։ Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ հասնելու լիակատար և անհապաղ հրադադարի համաձայնության»,- հայտարարել է Բերնհեմը։
Ըստ նրա՝ նոր պատժամիջոցները պետք է ուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի նավթային եկամուտների վրա և նպաստեն պատերազմի ավարտին։ Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել բանակցությունների ձեռք բերած թափը և գտնել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման ուղին։
Հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Բերնհեմը կմասնակցի Ուկրաինայի հարցով նիստին, որը կհամանախագահի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդները կքննարկեն հետագա քայլերը Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջերս անցկացված բանակցություններից հետո, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Զելենսկին ավելի վաղ ընդգծել էր խաղաղ գործընթացին Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը։
Բերնհեմը մտադիր է հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ողջունում է բանակցություններում առաջընթացը, սակայն Եվրոպան պետք է դրանցում լիարժեք դեր ունենա և միաժամանակ շարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ձգտելով հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք կամրապնդեն եվրոպական անվտանգությունը։
Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը նախատեսում է նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ պաշտպանության և անվտանգության հարցերով կլոր սեղան անցկացնել։ Մասնակիցները կքննարկեն աճող հիբրիդային սպառնալիքները։
Բացի դրանից, ըստ բրիտանական վարչապետի գրասենյակի՝ Բերնհեմը հանդիպումը կօգտագործի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև նոր հարաբերությունների գաղափարն առաջ մղելու համար։ Հարցն արդիական կլինի նաև հաջորդ շաբաթ Բրյուսելում անցկացվելիք Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովում։
Հասանելի է
Թեմա
ՆավթՔաղաքականությունՊատժամիջոցներՈւկրաինայի պատերազմ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
