Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ

Տնտեսություն11:06 | նոյեմբերի 24, 2026Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնակցությամբ առցանց հանդիպում է անցկացվել Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի, Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի և պտուղ-բանջարեղեն արտադրող հայ տնտեսավարողների և թռչնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր։
Մանրամասն անդրադարձ է կատարվել թարմ պտղի, սննդամթերքի և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ առկա պահանջարկին՝ քննարկելով ապրանքատեսակները, պահանջվող սորտերը, ամսական անհրաժեշտ քանակներն ու մատակարարման ծավալները, ինչպես նաև առանձին ապրանքատեսակների սեզոնային հասանելիությունն ու մատակարարման հնարավոր ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի արտահանման և մատակարարման կազմակերպման մանրամասներին, այդ թվում՝ փաթեթավորման չափորոշիչներին, փոխադրման հնարավոր եղանակներին, ինչպես նաև անհրաժեշտ անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական պահանջների ապահովմանն առնչվող հարցերին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով հայկական արտադրանքի ներկայացվածությանը «LuLu» հիպերմարկետների ցանցում։
Թեմա
ՏնտեսությունԱրտահանումMade In Armenia
Տեղադրություն
