Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. նախաքննությունն ավարտվել է

Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 97 դրվագ գործողությամբ 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով:

Մասնավորապես՝ Ա․ Զ․-ն, 2022 թվականի մայիսի 17-ից մինչև 2024 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, համակարգչային հափշտակություններ կատարելու դիտավորությամբ «List.am» ապրանքների վաճառքի կայքում ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ «WhatsApp» հավելվածով կապ է հաստատել, հանդես է եկել որպես գնորդ կամ ծառայությունների մատուցման պատվիրատու և ՀՀ-ում բնակվող տուժողներին առաջարկել նախօրոք վճարել՝ գումարներն առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ առաքանիներով:

Այնուհետև, Ա.Զ.-ն ապրանքներ վաճառողներին ու ծառայություններ մատուցողներին ուղարկել է նույնաբովանդակ կեղծ էլեկտրոնային հղումներ՝ դրանց միջոցով գործարքների կատարման համար անհրաժեշտ բանկային քարտերի դիմերեսի և դարձերեսի վավերապայմանները ստանալու նպատակով, որից հետո դրանց ստացմամբ և օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու միջոցով հափշտակել է 97 տարբեր անձանց բանկային քարտերում առկա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 38 մլն 614 հզր 880 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Ա․Զ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու, իրենց կատարած հանցանքների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ ստացված միջոցները նույն ժամանակահատվածում փոխանցել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գումարի իրական ծագումը թաքցնելու նպատակով դրանք փոխակերպել է կրիպտոարժույթի՝ փոխանցելով ընկերության տարբեր անձանց անվամբ հաշվառված և վերջիններիս կողմից փաստացի օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել է այդ գումարները:

Ա.Զ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու համար (97 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուր՝ 24News.am