Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարից առաջ որոշել է փոխել իր մարտական մականունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում 29-ամյա մարտիկը հայտնել է, որ այսուհետ ամերիկյան պրոմոուշենի օկտագոն դուրս կգա «Բեթմեն» անվան տակ։

Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի՝ Վրաստանի Ախալքալաք քաղաքի։ Եթե հին տարբերակն ընդգծում էր մարտիկի ծագումն ու արմատները, ապա նոր տարբերակը շեշտը դնում է ավելի գլոբալ, հնչեղ և ճանաչելի կերպարի վրա։

UFC 331 մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։ Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում Ծառուկյանի մրցակիցը կլինի դիվիզիոնի 7-րդ համար Մաուրիսիո Ռուֆին։ Նշենք, որ ի սկզբանե հայ մարտիկը պետք է մրցեր բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, սակայն վերջինս անձնական պատճառներով հրաժարվել է մենամարտից։

Աղբյուր՝ 24News.am