fbpx
/// Խժդժություններ` Ադրբեջանում

Խժդժություններ` Ադրբեջանում

Մինչ Հայաստանում տարված են քաղաքական ընտրություններով, իսկ քննարկվող հիմնական թեման էլ այն է, թե որ քաղաքական ուժին վերջապես կհաջողվի  մեծամասնություն ձևավորել երկրում, հարևան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանում կարծես ներքաղաքական կրքեր են սկսում բորբոքվել:

Մասնավորապես` արդեն իսկ հայտնի է, որ Ադրբեջանական ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» պատրաստվում է ապրիլի 9-ին համապետական բողոքի ցույց կազմակերպել այդ երկրում։ Դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկի ղեկավարի խոսքերով` բողոքի ցույցի նպատակն է լինելու համաժողովրդական դժգոհության ձայնը լսելի դարձնել իշխանություններին ու աշխարհին ցույց տալ, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում Ադրբեջանում մարդու իրավունքների, կոռուպցիայի և այլ առումներով: Ընդդիմությունը պնդում է, որ առաջիկա հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է դառնալու, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:

Ավելին`պարզվում է` Ալիևների կլանի դեմ առճակատվելուն են պատրաստվում նաև Արևմուտքում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդիները։ «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի» կազմակերպությունը հայտարարել է, որ իր նպատակն է Ադրբեջանի սահմաններից դուրս ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ծանրակշիռ ուժ` պայքարելու ալիևյան կլանի դեմ. կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը:

Հարց է առաջ գալիս` ի՞նչ կարող է այս ամենը նշանակել մեզ`հայերիս համար կամ ի՞նչ պետք է սպասել Ալիևից այն պարագայում, երբ նրա դեմ հստակ դեմարշ է հասունանում: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Բանն այն է, որ այս ամենը կարող է և՛ լավ, և՛ վատ հետևանքներ ունենալ մեր երկրի համար և ահա թե ինչու: Մի կողմից` կարելի է ենթադրել, որ Ալիևը, բախվելով ներքին խնդիրներին, կարող է գոնե միառժամանակ մոռացության տալ ղարաբաղյան հակամարտությունն ու դադարել ռազմատենչ քաղաքականությունը, մյուս կողմից, մանավանդ եթե հաշվի ենք առնում 2016-ի ապրիլյան դեպքերը, այս ամենը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ բեղավոր խանի վրա, ու վերջինս, հասարակության  ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար նոր պատերազմ սանձազերծի ընդդեմ Արցախի: Երկուսն էլ, պետք է խոստովանել, հնարավոր տարբերակներ են:

Սակայն, ահա թե ինչու է առավել հնարավոր առաջին տարբերակը: Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում թե՛ Արևմուտքից ու թե՛ Ռուսաստանից հնչում են հստակ ազդանշաններ առ այն, որ նոր պատերազմի սանձազերծումն անթույլատրելի է. աշխարհը փաստացի Ալիևին հասկացնում է, որ չփորձի պատերազմ հրահրել ընդդեմ Արցախի կամ Հայաստանի. ոչ մի աջակցություն, որպես այդպիսին, Ալիևը չի կարող ակնկալել: Հետևաբար`վերջինս հայտնվում է երկու քարի արանքում. մի կողմից միջազգային ճնշումն է,մյուս կողմից` մանևրելու անհնարինությունը:

Բայց ինչպիսի ընթացք էլ Արդբեջանի ներքաղաքական կյանքում նկատվող խմորումներն ունենան, մեկ բան մնում է անփոփոխ. Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած տիպի զարգացմանը`աչքի տակ ունենալով նաև նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-30T20:52:53+00:00 Մարտի 30 20:52|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Խժդժություններ` Ադրբեջանում-ում
//
//