ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News

Շահերի բախում00:56 | նոյեմբերի 12, 2026ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ներկայացրել են օրինագիծ, որն ուղղված է նախագահական ներման իրավունքի չարաշահումների սահմանափակմանը: Նախաձեռնությունը կոչված է կանխելու իրավիճակները, երբ ներումը կարող է տրամադրվել ծառայությունների դիմաց կամ անձնական շահերի ազդեցության տակ՝ ներառյալ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցների և խոշոր դոնորների շահերից ելնելով, հայտնում է CBS News-ը:
Չորեքշաբթի կոնգրեսականներ Մայք Լևինը և Ջեյսոն Կրոը, որոնք գլխավորում են կոռուպցիայի դեմ պայքարի End Corruption Caucus խումբը՝ «Ներման իրավունքի չարաշահումների կանխարգելման մասին» (Abuse of the Pardon Prevention Act) վերնագրով օրինագիծ են ներկայացրել:
«Ամերիկայում գոյություն ունի ներման մի ամբողջ արդյունաբերական համալիր, որտեղ բառացիորեն կարելի է ներում գնել ամենաբարձր գնով»,- CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լևինը: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ հիմնադիրները չէին ենթադրել նախագահական լիազորությունների նման օգտագործում. ներման իրավունքը նախատեսված է արդարության վերականգնման և ողորմածության դրսևորման համար:
Օրինագիծը դժվար թե կարողանա հաղթահարել Թրամփի հնարավոր վետոն, սակայն այն ցույց է տալիս, թե ինչպես են դեմոկրատները, որոնք զգալի հաջողությունների են հասել միջանկյալ ընտրություններում, մտադիր օգտագործել նոր խորհրդարանական հնարավորությունները ԱՄՆ նախագահի գործողությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
CBS News-ի հետաքննությունը ցույց է տվել, որ ունևոր մեղադրյալները վարձել են Թրամփին առնչվող լոբբիստների և իրավաբանների՝ Սպիտակ տան միջոցով ներում ստանալուն հասնելու համար: Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում ընդունված ներման և պատժի մեղմացման այլ ձևերի որոշումների մոտ 70%-ն ընդունվել է Արդարադատության նախարարության պրոֆիլային ստորաբաժանման մասնակցությամբ: Եթե հաշվի առնենք 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհի գործով մեղադրյալների ներումը, ապա այս ցուցանիշը հասնում է 92%-ի:
Սպիտակ տանը հերքել են չարաշահումների մեղադրանքները: Անդրադառնալով դրան՝ հայտարարել են, որ ներման լոբբինգի վրա գումար ծախսող մարդիկ «հիմարաբար քամուն են տալիս դրանք», և ընդգծել, որ գոյություն ունի խնդրանքների դիտարկման բազմաստիճան ընթացակարգ՝ Սպիտակ տան իրավախորհրդատուի, Արդարադատության նախարարության, ներման հարցերով հատուկ խորհրդատու Էլիս Ջոնսոնի և վերջնական որոշում ընդունող հենց իր՝ նախագահի մասնակցությամբ:
«Նախագահ Թրամփն իր սահմանադրական պարտականությունները կատարում է էթիկական նորմերի պահպանմամբ, իսկ հակառակի մասին ցանկացած պնդում վկայում է կամ անբավարար իրազեկվածության, կամ չարամտության մասին»,- հայտարարել է Սպիտակ տան իրավախորհրդատու Ուիլ Շարֆը:
Ըստ օրինագծի՝ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչը պետք է հետաքննի ներման այն դեպքերը, որոնցում կարող են առկա լինել շահերի բախումներ: Որպես օրինակներ Լևինը բերել է Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոյի ներումը, որը 2023 թվականին ընդունել էր իր մեղքը փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետ ծրագիր չապահովելու մեջ, ինչպես նաև Արդարադատության նախարարության խորհրդական Ալինա Հաբբա Միլդոնի և վենեսուելացի միլիարդատիրոջ ընտանիքի միջև հնարավոր պայմանավորվածության մասին հաղորդագրությունները, որին ներում էր շնորհվել մի քանի շաբաթ անց: Հաբբա Միլդոնը հերքում է այս որոշման հետ որևէ առնչություն:
Օրինագծը միաժամանակ նախատեսում է ներման փոխանակումը նյութական կամ այլ արժեքավոր բարիքների հետ ուղղակի արգելք և սահմանում է, որ նախագահը և փոխնախագահը կարող են ենթարկվել քրեական հետապնդման նման գործողությունների համար: Բացի դրանից, ներում ստացողները պետք է տեղեկություններ բացահայտեն նախագահին առնչվող նախագծերին, դրանց թվում՝ նրա նախագահական գրադարանին կամ Սպիտակ տան պարահանդեսային սրահին կատարված նվիրատվությունների մասին: Մեկ այլ դրույթ արգելում է նախագահին ներել ինքն իրեն: Այս ամսվա սկզբին Թրամփը 60 Minutes ծրագրին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքն իրեն ներելու իրավունք ունի, թեև չի ակնկալում, որ կօգտվելի դրանից:
«Ոչ մի նախագահ չպետք է հնարավորություն ունենա չարաշահելու ներման իրավունքը»,- հայտարարել է Կրուն: Նրա համոզմամբ՝ չի կարելի թույլ տալ երկաստիճան արդարադատության համակարգի գոյությունը, որում հարուստ և ազդեցիկ մարդկանց նկատմամբ վերաբերվում են այլ կերպ, քան սովորական քաղաքացիներին:
Սակայն օրինագիծը կարող է բախվել ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական խոչընդոտների: CBS News-ի նախաձեռնությամբ հարցման ենթարկված երեք փորձագետներ կասկածի տակ են դրել այն հարցը, ըստ որի Կոնգրեսն իրավունք ունի օրենսդրության միջոցով սահմանափակել նախագահական լիազորություններն այս ոլորտում:
Արդարադատության նախարարության ներման հարցերով նախկին խորհրդական Սեմյուել Մորիսոնը հայտարարել է, որ այս լիազորությունների չարաշահմանը կարձագանքելու սահմանադրական մեխանիզմը իմպիչմենտը և նախագահին պաշտոնանկ անելն է:
«Չի կարելի անել հենց այն, ինչ փորձում է անել այս օրինագիծը. կարգավորել ներման իրավունքի իրականացումն օրենսդրության միջոցով»,- ընդգծել է նա:
Հյուստոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ջոշ Բլեքմանը կարծում է, որ փաստաթղթով նախատեսված շահերի բախման չափանիշն այնքան լայն է ձևակերպված, որ կարող է դառնալ գրեթե ցանկացած վիճահարույց ներման քրեական հետաքննության հիմք: Նրա կարծիքով՝ դա վերաբերում է ոչ միայն Թրամփի որոշումներին, այլև, օրինակ, Ջո Բայդենի կողմից սեփական որդուն՝ Հանթերին ներելուն:
«Կարծում եմ՝ նրանք փորձում են քրեականացնել քաղաքական գործընթացը»,- հայտարարել է Բլեքմանը:
Միչիգանի նահանգային համալսարանի պրոֆեսոր Բրայան Կալտը, որն ուսումնասիրել էր նախագահական ինքնաներման հնարավորության հարցը, օրինագծում նման գործեկալերպի արգելքն անվանել է «զուտ խորհրդանշական»: Եթե Սահմանադրությունն իրոք նախագահին տրամադրում է նման իրավունք, օրենքը չի կարողանա այն չեղարկել. իսկ եթե չի տրամադրում, օրենսդրական արգելքը ոչինչ չի փոխի, պարզաբանել է փորձագետը:
Լևինը, մինչդեռ, պնդում է, որ ներման իրավունքի կիրառման կարգը կարելի է բարեփոխել՝ առանց խախտելու Սահմանադրությունը: Նա նշել է, որ դեմոկրատները մտադիր են օգտագործել Կոնգրեսի բյուջետային լիազորությունները՝ պետական գերատեսչություններում անկախ հետաքննություններ ապահովելու համար:
«Եթե ինչ-որ բան հակասում է Սահմանադրությանը, ապա դա այն է, թե ինչպես է գործող նախագահը չարաշահում ներման իրավունքը»,- հայտարարել է կոնգրեսականը:
Նա ընդգծել է, որ իր պահանջները չեն սահմանափակվում Թրամփի վարչակազմով. Լևինը քննադատել է նաև Բայդենի և Բիլ Քլինթոնի օրոք ընդունված առանձին ներումները: Նրա բնորոշմամբ՝ բոլոր օրենսդիրները, որոնք թանկ են գնահատում իշխանության ինստիտուտները, զսպումների և հակակշիռների համակարգը, օրենքի գերակայությունը և ԱՄՆ Սահմանադրությունը, պետք է աջակցեն այս ոլորտում նախագահական լիազորությունների բարեփոխմանը:
Հասանելի է
Թեմա
Շահերի բախումԻրավունքՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
