Ալբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

Ալբանիա18:33 | նոյեմբերի 28, 2026Ալբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ալբանիայում շաբաթ օրը ուսանողների գլխավորած բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, վերաճել են բախումների, հայտնել է Reuters-ը։
Ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Տիրանայում, երկրի Անկախության օրը, մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ելույթների ֆոնին։

Ցուցարարները քարեր և հրկիզող խառնուրդով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք, ի պատասխան, կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
Գործակալության լրագրողի խոսքով՝ ակցիայի որոշ մասնակիցներ դիմակներով էին։ Նրանք քարկոծել են կառավարության շենքը և փորձել մոտենալ Ռամայի գրասենյակին, սակայն ոստիկանությունը հետ է մղել նրանց։

Դժգոհությունը պայմանավորված է կառավարությունում ենթադրյալ կոռուպցիայով, աշխատատեղերի պակասով և կրթության ցածր որակով։ Բողոքի ցույցերը Տիրանայում սկսվել են հոկտեմբերի կեսերին, ապա տարածվել այլ քաղաքներում։ Նախորդ ակցիաների ընթացքում ցուցարարները հրկիզել են պետական շենքեր և բանկեր, կոտրել խանութների ցուցափեղկերն ու պոկել սալաքարերը՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար։
«Արդեն բավական են՝ կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը»,— հայտարարել է շաբաթօրյա ցույցին մասնակցած 45-ամյա ինժեներ Էրալդա Բազեն։ Մյուս ցուցարարները պահանջել են բարելավել կենսապայմանները և ապահովել բժշկական օգնության հասանելիությունը։

Ռամայի կառավարությունը հերքում է կոռուպցիայի մեղադրանքները և երկխոսության կոչ է անում։ Իշխանությունները նաև հայտարարել են բնակչությանն աջակցելու միջոցառումների մասին, այդ թվում՝ վառելիքի գների նվազեցման և անապահով ընտանիքներին տրամադրվող վճարների ավելացման՝ փորձելով թուլացնել լարվածությունը։
Ներկայիս անկարգությունները լրջագույն մարտահրավեր են դարձել Ռամայի համար, որը կառավարությունը ղեկավարում է 2013 թվականից և անցյալ տարի ստացել է չորրորդ անընդմեջ մանդատը։ Դրանց նախորդել էին ամառային՝ հիմնականում խաղաղ բողոքի ցույցերն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների աջակցությունը վայելող ծովափնյա շքեղ կառուցապատման նախագծի։ Ավելի վաղ բնակիչները վիճարկել էին տարածքի կառուցապատման օրինականությունը։
Շաբաթ օրը պաստառներից մեկի վրա գրված էր. «Ալբանիան չի վաճառվում»։ Ռաման պնդում է, որ նախագիծը համապատասխանում է օրենքին և նախատեսում է բնական կենսավայրերի պաշտպանություն։
Կոռուպցիոն սկանդալները երկար տարիներ վնասել են Ալբանիայի հեղինակությանը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ երկիրը նաև դարձել է թմրանյութերի և զենքի առևտրի հետ կապված հանցավոր խմբավորումների կողմից փողերի լվացման կենտրոն։ Ռաման հայտարարում է, որ իր կառավարությունն ավելի ակտիվ է պայքարում կոռուպցիայի դեմ, քան երբևէ։
Ալբանիան ձգտում է մինչև 2030 թվականը միանալ Եվրամիությանը և անդամակցության ձգտող բալկանյան երկրների թվում է։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
