Հունաստանում Արտեմիսի պաշտամունքի հետ կապված 2900-ամյա լեռնային սրբավայր են հայտնաբերել

Հնագիտություն01:43 | 26 նոյեմբերի, 2026Հունաստանում Արտեմիսի պաշտամունքի հետ կապված 2900-ամյա լեռնային սրբավայր են հայտնաբերել
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հունական Էվբեա կղզում հայտնաբերել են մոտ 2900 տարվա վաղեմության սրբավայր, որը, հնարավոր է, Արտեմիս աստվածուհու պաշտամունքի վայր է եղել։ Հնագետներն այն գտել են Օլիմպոս լեռան Էլատիաս գագաթի մոտ։ Պեղումների արդյունքները վկայում են, որ մարդիկ այս վայրն այցելել են ավելի քան հազար տարի՝ մ.թ.ա. IX դարից մինչև մ.թ. I–II դարերը, հայտնում է Live Science-ը։
Հատկանշական է, որ սրբավայրում տաճար կամ այլ կառույցներ չեն եղել։ Դրա գոյության մասին են վկայում անսովոր մեծ քանակությամբ խեցեղենը, ինչպես նաև ժայռերի ճեղքերում հայտնաբերված կենդանիների մնացորդները։ Ոչխարների և այծերի որոշ ոսկորների վրա պահպանվել են բարձր ջերմաստիճանի ազդեցության հետքեր։ Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է զոհաբերությունների և ծիսական հացկերույթների մասին։
Հունաստանում գործող Շվեյցարական հնագիտական դպրոցի հնագետ Քլոե Շեզոյի ղեկավարած խումբն առաջին անգամ սրբավայրի հետքեր է հայտնաբերել 2025 թվականին՝ տեղանքի ուսումնասիրության ժամանակ։ Առաջին պեղումներն իրականացվել են 2026 թվականին։ Ըստ Շեզոյի՝ լեռնային սրբավայրերը Հունաստանում հազվադեպ չեն, սակայն տեսանելի կառույցների բացակայության պատճառով դրանք երբեմն դժվար է հայտնաբերել։
Հավանաբար, սրբավայր այցելել են հիմնականում հին Էրետրիա քաղաքի բնակիչները։ Գագաթ տանող ճանապարհը հեշտ չի եղել. նույնիսկ այսօր հետազոտողները ստիպված են անցնել մոտ երեք կիլոմետր՝ հաղթահարելով 650 մետր բարձրությունների տարբերություն։ Հնագետները ենթադրում են, որ հենց վերելքը կարող էր կրոնական ծեսի մաս լինել։
Թեև հին հունական ավանդույթում լեռնագագաթներն առաջին հերթին կապվում էին գերագույն աստված Զևսի հետ, Էրետրիայում հայտնաբերված արձանագրություններից մեկում հիշատակվում է Արտեմիս Օլիմպիան։ Այս մակդիրը թույլ է տալիս ենթադրել, որ սրբավայրը կարող էր նվիրված լինել որսի և վայրի բնության աստվածուհի Արտեմիսին։ Սակայն զոհասեղան, որը կօգներ հաստատել այս վարկածը, դեռ չի հայտնաբերվել։
Հետազոտողները նշում են, որ հին հույները աստվածներին երկրպագում էին ոչ միայն քաղաքային խոշոր տաճարներում, այլև բնության գրկում՝ հեռավոր վայրերում։ Էվբեայի Օլիմպոս լեռան բարձրադիր դիրքը, որտեղից տեսարան է բացվում դեպի շրջակա տարածքը, կարող էր կարևոր դեր խաղալ սրբավայրի տեղի ընտրության հարցում։ Ընդ որում, խոսքը ոչ թե Հունաստանի մայրցամաքային մասում՝ հայտնի Օլիմպոս լեռան մասին է, որն առասպելներում համարվում էր աստվածների բնակավայրը, այլ նույն անվամբ մեկ այլ լեռան։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
