Հին «խնջույքը» բվերի կերուխում է եղել. գիտնականները բացահայտել են գորտերի 9 հազար ոսկորների գաղտնիքը

Հնագիտություն02:39 | նոյեմբերի 13, 2026Հին «խնջույքը» բվերի կերուխում է եղել. գիտնականները բացահայտել են գորտերի 9 հազար ոսկորների գաղտնիքը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հնագետները պարզել են, որ Քեմբրիջի մոտակայքում գտնվող հին խրամատում հայտնաբերված ավելի քան 9 հազար ոսկորները պատկանել են հիմնականում գորտերի, որոնց մոտ 1800 տարի առաջ կերել են տափաստանային բվերը (Asio flammeus): Ավելի վաղ հետազոտողները ենթադրում էին, որ մնացորդները կարող են կապված լինել հռոմեացիների խնջույքի կամ որևէ ծեսի հետ: Սակայն Environmental Archaeology հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ոսկորները, ամենայն հավանականությամբ, մնացել են թռչունների ձմեռային որսից հետո:
Խրամատը հայտնաբերվել էր Քեմբրիջի և Հանթինգդոնի միջև A14 ավտոմայրուղու հատվածի շինարարության նախնական հնագիտական աշխատանքների ժամանակ: Պեղումներն իրականացվել են Ֆենս ճահճոտ տեղանքի ծայրամասում: Մարդիկ այս շրջանում ապրել են դեռևս միջին և ուշ երկաթի դարում, երբ փորել էին մոտ 20 մետր երկարությամբ ոչ խորը առու: Սկզբում հնագետներն այն շփոթել էին կլորավուն բնակարանի մնացորդների հետ:
Խրամատի նշանակությունը չի հաջողվել պարզել, սակայն ներսում հայտնաբերվել է 9135 մանր ոսկոր: Մեծամասնությունը պատկանել է սովորական գորտերին (Rana temporaria), սակայն մնացորդների թվում եղել են նաև դաշտամկների, գետնափորների, օձերի և այլ մանր կենդանիների ոսկորներ:
Որպեսզի պարզեն, թե ինչպես են զոհվել այս կենդանիները, հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 1700 ոսկրային մնացորդներ: Դրանց վրա կրակի, մասնատման կամ ատամների հետքեր, որոնք կարող էին վկայել մարդկային կերուխումի մասին, չեն հայտնաբերվել: Բացի դրանից, խրամատը բավականաչափ խոր չէր, որպեսզի գորտերը զանգվածաբար ընկնեին այնտեղ և հայտնվեին թակարդում: Միևնույն ժամանակ, գորտերի ոսկորների գրեթե 86%-ի վրա մարսողության հետքեր են հայտնաբերվել:

Հետազոտության առաջատար հեղինակ, Բուռնմութի համալսարանի հնագետ Փոլ Քլարկսոնը նշել է, որ վնասվածքների բնույթը թույլ է տվել հստակ որոշել հավանական գիշատչին: Ոսկորները բավարար չափով քայքայված են եղել մարսողությունից՝ բացառելու համար ամբարային բվեճներին, սակայն ոչ բավարար չափով վնասված՝ դրանք ջրասամույրներին, օձերին կամ ձկնկուլներին վերագրելու համար: Հատկանիշների համախումբը մատնանշում էր տափաստանային բվերին (Asio flammeus), որոնք, հավանաբար, որսացել են գորտերին ընդամենը մեկ ձմեռվա ընթացքում:
Հետազոտողները ենթադրում են, որ որսի նման կուտակման համար պայմաններ են ստեղծվել շրջակա միջավայրի փոփոխությունների հետևանքով: Ֆերմերների կողմից անտառների մաքրումը ստեղծել էր բաց խոտածածկ տարածքներ, որոնք հարմար են տափաստանային բվերի որսի համար: Միաժամանակ, հռոմեական ժամանակաշրջանում հովտում ջրի մակարդակի նվազումը հանգեցրել էր փոքր ջրամբարների առաջացմանը, որտեղ գորտերը կարող էին բազմանալ:
«Նահանջող հեղեղաջրերը տեղանքում թողել են լճակներ և փոքր ջրամբարներ, որոնք իդեալական պայմաններ են սովորական գորտերի բազմացման համար»,- պարզաբանել է Քլարկսոնը: Նրա պատմելով՝ արդեն հաջորդ տարի ջուրն ավելի էր նահանջել, իսկ դրա հետ մեկտեղ անհետացել էին ջրամբարներն ու բազմաթիվ գորտերը:
Հնագետները նաև չեն բացառում, որ բվերը կարող էին հաստատվել այստեղ այն պատճառով, որ մարդիկ հազվադեպ էին այցելում բնակավայրի այս հատվածին: Տափաստանային բվերն աչքի են ընկնում զգուշությամբ և խուսափում են այն վայրերից, որտեղ հաճախ լինում են մարդիկ և շներ: Հնարավոր է, որ տարածքն օգտագործվել է որպես անասուն քշելու ամառային ճանապարհ կամ ունեցել է որոշակի սոցիալական կամ ծիսական նշանակություն:
Հետազոտողների կարծիքով՝ գտածոն ցույց է տալիս, թե որքան կարող են կարևոր լինել մանր կենդանիների մնացորդները անցյալն ուսումնասիրելու համար: Դրանք հնարավորություն են տալիս վերականգնել ոչ միայն գիշատիչների սննդակարգը, այլև լանդշաֆտի, կլիմայի և շրջակա միջավայրի հետ մարդկանց փոխազդեցության փոփոխությունները:
«Քարերը, սանրերը, մետաղադրամներն ու կավանոթները մեզ նման տեղեկություններ չեն տալիս: Հնարավոր է, մարդկանց հնագիտությանը զուգահեռ, արժե զարգացնել նաև բվերի և գորտերի հնագիտությունը»,- նշել է Քլարկսոնը:
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
