Volkswagen-ը հրաժարվել է Գերմանիայում իր գլխավոր գործարանի արդիականացման լայնածավալ նախագծից

Տնտեսություն22:39 | նոյեմբերի 11, 2026Volkswagen-ը հրաժարվել է Գերմանիայում իր գլխավոր գործարանի արդիականացման լայնածավալ նախագծից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը հրաժարվել է Վոլֆսբուրգի իր գլխավոր գործարանում «Gamechanger» նախագիծը սկզբնապես նախատեսված տեսքով իրականացնելուց, հայտնում է dpa-ն։
Ընկերության ներկայացուցիչը չորեքշաբթի հայտնել է, որ տնտեսական բարդ իրավիճակի պատճառով կոնցեռնը վերանայում է բոլոր ներդրումները։ Մասնավորապես, չեղարկվել է թափքի դետալների ձուլման խոշոր կենտրոնի կառուցումը։
Միաժամանակ որոշումը չի ազդում Scalable Systems Platform (SSP) էլեկտրական հարթակի մշակման վրա, որը նախատեսված է Volkswagen-ի ապագա մոդելների, այդ թվում՝ ID. Roc-ի համար։ Ընկերությունը միաժամանակ պահպանում է իր բոլոր գործարաններում հաջորդ սերնդի ավտոմեքենաների արտադրությունն ավելի պարզ, արդյունավետ և մրցունակ դարձնելու նպատակը։
Volkswagen-ի արտադրական խորհրդի նախագահ Դանիելա Կավալլոն կտրուկ քննադատել է որոշումը՝ հայտարարելով, որ գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեի գլխավորած ղեկավարությունը հրաժարվում է արտադրության ոլորտում տեխնոլոգիական առաջատար լինելու հավակնություններից։ Նա դա անվանել է ձախողման ընդունում և կուրսի հիմնարար փոփոխություն։
«Այժմ առաջին ծրագիր է մղվում շահութաբերության վրա կենտրոնացած կարճաժամկետ մտածողությունը, այլ ոչ թե Volkswagen խմբի ապագա կենսունակության ապահովումը, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ»,- հայտարարել է Կավալլոն արտադրական խորհրդի պարբերականում։
Նրա կարծիքով՝ նախագծից հրաժարվելը նաև 2024 թվականի վերջին բարդ բանակցություններից հետո կնքված կոլեկտիվ համաձայնագրի կոպիտ խախտում է։ Այն ժամանակ ընկերությունն ու աշխատակիցները պայմանավորվել էին Volkswagen-ի գերմանական ձեռնարկություններում ներդրումների և նոր մոդելների թողարկման շուրջ։
Ըստ համաձայնագրի՝ Վոլֆսբուրգի գործարանը մինչև տասնամյակի վերջը պետք է արդիականացվեր՝ SSP հարթակի վրա հիմնված մի քանի առաջատար մոդելների, դրանց թվում՝ ամբողջությամբ էլեկտրական ID. Golf-ի արտադրության համար։ «Gamechanger» նախագիծը նախատեսում էր առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում, ներառյալ՝ թափքի խոշոր դետալների մեգաձուլում։ Արտադրական խորհրդի տվյալներով՝ նախագծի վրա մի քանի տարի աշխատել է հատուկ թիմ, իսկ նոր արտադրամասի հիմնարկեքը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ։
Աշխատակիցների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ արդիականացումից հրաժարվելը կնվազեցնի կոնցեռնի մրցունակությունը։ Նոր մոդելները նախատեսվում է շուկա հանել սահմանված ժամկետներում, սակայն դրանց արտադրությունը, հավանաբար, հիմնականում կիրականացվի առկա տեխնոլոգիաներով։
Որոշումը նաև կասկածի տակ է դրել Golf-ի ներկայիս տարբերակի արտադրությունը հաջորդ տարի Մեքսիկա տեղափոխելու ծրագրերը, որոնք նպատակ ունեին Վոլֆսբուրգում արտադրական հզորություններ ազատել՝ էլեկտրամեքենաների արտադրությանն անցնելու համար։
«Քանի դեռ մանրամասների վերաբերյալ հստակ տեղեկություն չունենք, ներքին այրման շարժիչով Golf-ը չի հեռանա Վոլֆսբուրգից»,- հայտարարել է Կավալլոն։ Արտադրական խորհուրդը մտադիր է ընկերության դիտորդ խորհրդից պարզաբանումներ պահանջել։
Ըստ Կավալլոյի՝ առայժմ պարզ չէ, թե որոշումն ինչպես կազդի աշխատակիցների թվի և արտադրության ծավալների, ինչպես նաև գլխավոր գործարանի՝ ապագայի արտադրական տեխնոլոգիաների ներդրման հարթակի դերի վրա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունԷլեկտրամոբիլներԱրդյունաբերություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
