Մշակութային շոկ կամ ինչպես «Սասունցի Դավիթը» վերածնվեց շուրջ 500 երեխայի շուրթերից

Երեխաներ11:12 | նոյեմբերի 10, 2026Մշակութային շոկ կամ ինչպես «Սասունցի Դավիթը» վերածնվեց շուրջ 500 երեխայի շուրթերից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 7-ին եւ 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի նոր թատերաշրջանի առաջին երկու ներկայացումները։
2025 թվականի դեկտեմբերին հանրության դատին հանձնված նախագիծն այս անգամ վերադարձավ մեծ բեմ միասնական երգչախմբի շուրջ 500 երեխայի մասնակցությամբ։
Բալետ-օրատորիան հայկական ժողովրդական էպոսի հերթական բեմականացումը չէր, այլ երաժշտության, պարի եւ գրական խոսքի համադրություն էր, որտեղ պատմությունը ներկայացվում էր ժամանակակից լուծումներով։
«Սասունցի Դավիթն» իրապես դուրս է եկել պարզապես գրական ստեղծագործություն լինելուց։ Այն հայի հիշողության, հավաքական կերպարի եւ ազգային ինքնության խորհրդանիշն է։ Եվ այս առումով առավել խորհրդավոր էր, երբ այդ պատմությունը բեմ բարձրացավ հարյուրավոր երեխաների ձայների ուղեկցությամբ:
Բալետ-օրատորիան ընդգրկում էր «Սասնա ծռեր» էպոսի բոլոր չորս ճյուղերը՝ «Սանասար եւ Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» եւ «Փոքր Մհեր»:
Ներկայացման ամենաուշագրավ բաղադրիչը շուրջ 500 երեխաներից բաղկացած միասնական երգչախումբն էր: Երեխաներն, ասես, բոլորը միասին մեկ Սասունցի Դավիթ լինեին՝ երբեմն համեստ ու զուսպ, երբեմն խրոխտ ու խիզախ՝ հայրենի հողը պաշտպանելու պատրաստակամությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը, կարծես, իր մեջ կրում էր էպոսի հերոսի մի առանձնահատություն եւ միասին ամբողջացնում Դավիթի հավաքական կերպարը։
Նախորդ թատերաշրջանի շուրջ 400 երեխաներին միացել էին եւս 100-ը Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցներից: Միասնական երգչախումբը ղեկավարում էր գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Նարինե Ոսկանյանը:
Առանձին ուշադրության էր արժանի երեխաների հագուստը։ Նրանց շապիկներին պատկերված էր Սասունցի Դավիթը, որը բեմում ստեղծում էր հետաքրքիր խորհրդանշական պատկեր, ասես, նրանցից յուրաքանչյուրը Դավիթն էր։
Եթե միասնական երգչախումբը ձայներով էր ամբողջացնում հերոսի հավաքական կերպարը, ապա շապիկների պատկերները նույն գաղափարը փոխանցում էին տեսողական՝ բազմապատկելով «Սասունցի Դավիթ» հերոսին։
Խորհրդանշական էր նաեւ բալետը, որի խորեոգրաֆիան վստահված էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Մարիամ Ասլանյանին: Բալետը պատմում էր ուժի, պայքարի, համախմբվածության եւ դիմադրության մասին։ Մարիամ Ասլանյանի հետաքրքիր լուծումներից մեկն այն էր, որ չկար մեկ առանձնացված գլխավոր հերոս, որի շուրջ կառուցվեր ամբողջ գործողությունը։ Յուրաքանչյուր պարող Դավիթի հավաքական կերպարի մի մասն էր։
Երաժշտության հեղինակը «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբն է։ Ներկայացման համար գրվել է նոր երաժշտություն ժամանակակից լուծումներով, էպիկական ու միստիկ: Երաժշտությունը համադրում է զուգահեռ երկու աշխարհներ՝ հին էպոսի առասպելական աշխարհն ու ժամանակակից երաժշտական աշխարհը։ Այդպես՝ մի պահ երաժշտությունը տեղափոխում էր դարերի խորքը, մյուս պահին վերադարձնում ներկա։
Երկու օր լեփ-լեցուն դահլիճով եւ բուռն ծափահարություններով ուղեկցվող ներկայացումներից հանդիսատեսը հեռանում էր տպավորված եւ հիացմունքով: Այդ արձագանքը, թերեւս, լավագույն գնահատականն էր բեմում ամիսների աշխատանքի, ստեղծագործական մեծ թիմի եւ շուրջ 500 երեխայի միասնական ջանքերին։
«Սասունցի Դավիթը» ոչ միայն բեմ վերադարձավ, այլեւ մեկ անգամ եւս ցույց տվեց, որ հայկական էպոսը կարող է միավորել տարբեր սերունդների։

Թեմա
ԵրեխաներՄշակույթԵրաժշտությունԹատրոն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
