Ղազախստանում արջի ոսկե արձանիկ են գտել 2300 տարեկան թալանված դամբարանում

Ղազախստանում արջի ոսկե արձանիկ են գտել 2300 տարեկան թալանված դամբարանում

Հնագիտություն01:32 | նոյեմբերի 9, 2026Ղազախստանում արջի ոսկե արձանիկ են գտել 2300 տարեկան թալանված դամբարանում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ղազախստանում արջի ոսկե արձանիկ են գտել 2300 տարեկան թալանված դամբարանում<!—>

]—>

Հնագետները Ղազախստանի Ալմաթի քաղաքում գտնվող հնագույն դամբանաբլրում հայտնաբերել են արջի փոքրիկ ոսկե արձանիկ և մի քանի մարդու մնացորդներ, հայտնել է Arkeonews-ը։

Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ դամբարանում կարող էին թաղված լինել չորս մեծահասակ և երեք երեխա։ Թաղվածների նման քանակն անսովոր է համադրելի չափերի դամբանաբլուրների համար։

Պեղումներն իրականացրել են Ալմաթիի թանգարանների միավորման մասնագետները՝ քաղաքի Նաուրիզբայի շրջանում գտնվող Կարագայլի դամբարանադաշտի տարածքում։ Մոտ 25–26 մետր տրամագծով և 2,5 մետր բարձրությամբ դամբանաբլուրը թվագրվում է մ.թ.ա. IV–III դարերով, երբ տարածաշրջանում բնակվում էին սակյան ցեղերը։

Կառույցի կենտրոնում հետազոտողները հայտնաբերել են հին կողոպտիչների թողած երեք մետրանոց փոս։ Նրանք պարզել են, որ դամբանաբլուրը թալանվել է դեռևս հնում, ինչի հետևանքով թաղման գույքի մեծ մասը ցրված է եղել։ Սակայն գտածոների մեջ պահպանվել է ձուլման եղանակով պատրաստված արջի փոքրիկ ոսկե արձանիկ։

Արձանիկի անցքերը թույլ են տալիս ենթադրել, որ այն որպես զարդ կարել են գլխազարդին։ Սակ վարպետները հաճախ կենդանիներ էին պատկերում զարդերի, զենքերի, ձիասարքի և ծիսական հագուստի վրա։ Նախկինում Ղազախստանում հայտնաբերվել են լեռնային խոյի և ընձառյուծի ոսկե արձանիկներ, սակայն արջի նման պատկեր հնագետներն այստեղ նախկինում չէին գտել։

Ալմաթիի թանգարանների միավորման տնօրեն Լյազզատ Սագինդիկովայի խոսքով՝ գտածոն կարող է օգնել ուսումնասիրել Սևծովյան տարածաշրջանից մինչև Ալթայ ընկած ընդարձակ տարածքի ժողովուրդների մշակութային կապերը։

Ոսկե զարդից բացի՝ դամբանաբլրում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և սակյան խեցեղենի բեկորներ։ Հին օրերում կատարված թալանի պատճառով մնացորդների սկզբնական դասավորությունը խախտվել է, ուստի առայժմ հայտնի չէ՝ բոլոր մարդիկ թաղվել են միաժամանա՞կ, թե՞ տարբեր ժամանակներում։

Մարդաբանները կշարունակեն ոսկորների ուսումնասիրությունը՝ պարզելու թաղվածների ճշգրիտ թիվը և թաղման հանգամանքները։ Հետազոտությունների ավարտից հետո նախատեսվում է գտածոները ներկայացնել Ալմաթիի թանգարանում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀնագիտությունՊատմություն

Օբյեկտ

ԱրտեֆակտներՈսկի

Աղբյուրը՝ NEWS.am