ԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցությունները

Դիվանագիտություն20:57 | նոյեմբերի 7, 2026ԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և Դանիայի առաջնորդները Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը կոչ են արել արագացնել ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկա թագավորության վերադարձի շուրջ բանակցությունները, գրել է The Guardian-ը։
Նրանց կարծիքով՝ ավելի սերտ համագործակցությունը թույլ կտա նվազեցնել էներգիայի արժեքը և ընդլայնել Հյուսիսային ծովում վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները։
Համապատասխան ուղերձն ուղարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ ԵՄ–Մեծ Բրիտանիա սպասվող գագաթնաժողովին ընդառաջ, որը պետք է կայանա նոյեմբերի 20-ին Բրյուսելում։
«Մենք կոչ ենք անում ձեզ և Մեծ Բրիտանիային գագաթնաժողովում համաձայնության գալ այս բանակցություններն ավարտելու հետագա քայլերի շուրջ», — նշվել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և մյուս չորս երկրների վարչապետների ստորագրած նամակում։
Ուղերձի հեղինակները Մեծ Բրիտանիան անվանել են էներգետիկ անցման կարևոր գործընկեր և ընդգծել, որ նրա ինտեգրումը ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկային անհրաժեշտ է Հյուսիսային ծովի ներուժը բացահայտելու և տարածաշրջանն աշխարհում մաքուր էներգետիկայի խոշորագույն կենտրոնը դարձնելու համար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և եվրոպական ևս ինը երկրներ պայմանավորվել էին արագացնել ծովային հողմաէներգետիկայի զարգացումը 2030-ական թվականներին և Հյուսիսային ծովում էներգետիկ ցանց ստեղծել։ Սակայն ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բարդացնում է նման նախագծերի զարգացումը և ավելացնում ծախսերը։
Շուկա վերադարձը կարող է Լոնդոնից պահանջել ֆինանսական մուծումներ ԵՄ բյուջե, այդ թվում՝ պակաս զարգացած տարածաշրջանների աջակցության հիմնադրամներ։ Բրիտանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հարկատուների միջոցները կուղղվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքային նախագծերին։
Համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ էներգետիկ շուկաների ավելի սերտ ինտեգրումը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել էլեկտրաէներգիայի առևտուրը և նվազեցնել բրիտանացի սպառողների ծախսերը։ Ոլորտային Energy UK կազմակերպության գնահատմամբ՝ ներկա պայմանների պահպանման դեպքում 2026–2029 թվականներին Մեծ Բրիտանիայի լրացուցիչ ծախսերը կարող են կազմել 10 միլիարդ ֆունտ սթեռլինգ՝ էներգիայի ավելի բարձր վճարների և բյուջետային մուտքերի կրճատման հետևանքով։
Առաջիկա գագաթնաժողովում կողմերը նաև ակնկալում են համաձայնագրեր կնքել սննդամթերքի և խմիչքների առևտրի, ածխածնային արտանետումների կրճատման և երիտասարդական փոխանակումների վերաբերյալ։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունԷլեկտրաէներգիա
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
