Ֆոն դեր Լայենը հրաժարվել է Լեհաստանի նախագահի հետ ասուլիսից՝ հաջակցություն Տուսկի. Bloomberg

Դոնալդ Տուսկ23:06 | նոյեմբերի 5, 2026Ֆոն դեր Լայենը հրաժարվել է Լեհաստանի նախագահի հետ ասուլիսից՝ հաջակցություն Տուսկի. Bloomberg
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրաժարվել է մասնակցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ ասուլիսին՝ երկրում սահմանադրական ճգնաժամի սրման ֆոնին վարչապետ Դոնալդ Տուսկին աջակցություն հայտնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ֆոն դեր Լայենը պետք է հինգշաբթի հանդես գար լրագրողների առջև՝ Սլովակիայի Տրենչին քաղաքում Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի նախագահների հանդիպումից հետո։ Ըստ գործակալության զրուցակիցների՝ Եվրահանձնաժողովի նախագահն ի սկզբանե ծրագրում էր ընդհանրապես չմասնակցել հանդիպմանը, սակայն մտափոխվել է՝ մտավախություն ունենալով բացասական արձագանքից։
Փոխարենը նա որոշել է չմասնակցել ասուլիսին՝ Տուսկին աջակցելու և տպավորություն չստեղծելու համար, թե Եվրամիությունը հավանություն է տալիս Նավրոցկիի դիրքորոշմանը։
Սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի բացակայությունը պայմանավորված է ժամանակացույցի վաղուց առկա խնդրով և Լեհաստանում վերջին իրադարձությունների հետ կապ չունի։
Տուսկն ու Նավրոցկին առճակատման մեջ են Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նոր դատավորների նշանակման հարցում։ Նախագահը հրաժարվում է ընդունել խորհրդարանի ընտրած դատավորների երդումը՝ փաստացի արգելափակելով նրանց նշանակումը։
Ճգնաժամը սրվել է անցած ուրբաթ, երբ կառավարությունը ոստիկանություն է ուղարկել տրիբունալի շենքում անկարգությունները ճնշելու համար և պաշտոններից հեռացրել է դրա նախագահին ու տեղակալին։ Այդ գործողությունները բողոքի ակցիաների և իրավաբանների քննադատության տեղիք են տվել, իսկ հակամարտությունը վերածվել է սահմանադրական ճգնաժամի՝ խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ։
Ֆոն դեր Լայենի որոշումը կարող է ուժեղացնել ազգայնական ընդդիմության մեղադրանքներն, ըստ որի Եվրահանձնաժողովը միջամտում է Լեհաստանի ներքաղաքական պայքարին, կարծում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ եվրոպական դատարանը վճռել էր, որ երկրի սահմանադրական տրիբունալն անկախ և անաչառ չէր՝ քաղաքականապես հավատարիմ դատավորների նշանակման պատճառով։
Տուսկն իշխանության է եկել 2023 թվականին՝ խոստանալով վերականգնել իրավունքի գերակայությունը և կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Սակայն նրա բարեփոխումների մի մասը բախվել է Նավրոցկիի դիմադրությանը։ Հինգշաբթի վարչապետը հայտարարել է, որ ակնկալում է բարձրագույն դատարանի շուրջ լարվածության թուլացում, սակայն հակամարտության կարգավորման կոնկրետ ուղի չի առաջարկել։
Հասանելի է
Անձ
Դոնալդ ՏուսկԿարոլ ՆավրոցկիՈւրսուլա ֆոն դեր Լայեն
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
