Թեհրանը վերացրել է Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումները

Իրան11:57 | նոյեմբերի 4, 2026Թեհրանը վերացրել է Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերն ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից։ Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մողադամը։
«Այժմ մենք Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատ նավարկում են, և ամերիկացիներն էլ դրանք չեն որսում»,- նշել է պատգամավորը։
Մողադամի խոսքով՝ այս բացառությունները պայմանավորված են Թեհրանի և նշված պետությունների փոխադարձ շահերով։ Հնդկական նավերի անցումը հեշտացնում է Հնդկաստանից Իրան դեղորայքի ներմուծումը, իսկ չինական նավերի անխափան երթևեկության թույլտվությունը միտված է Պեկինի քաղաքական աջակցության ապահովմանը։
Ընդ որում, Իրանը հնդկական և չինական նավերից տարանցման վճար է գանձում, մինչդեռ կատարական նավերը բաց է թողնում անվճար։ Պատգամավորը չի հստակեցրել՝ արդյոք իրաքյան նավերը ևս պետք է վճարեն տարանցման համար։
Հորմուզի նեղուցը, որը գտնվում է Իրանի և Օմանի միջև, նավթի ու գազի մատակարարման համաշխարհային կարևորագույն ուղիներից է։ Դրանով են Պարսից ծոցի երկրներից էներգակիրների զգալի ծավալներ հասնում միջազգային շուկաներ։
Այս հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև շարունակվող դիմակայության ֆոնին։ Իրանի դեմ ռազմական գործողությունները սկսվել են 2026 թվականի փետրվարի 28-ին։ Ապրիլին կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, սակայն հուլիսին մարտական գործողությունները վերսկսվել են՝ դիվանագիտական ջանքերի ձախողման պատճառով։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
