Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Միչիգան նահանգից ԱՄՆ Սենատի ընտրություններում և հայտարարել Հայաստանին աջակցելու մասին

Ընտրություններ12:45 | նոյեմբերի 4, 2026Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Միչիգան նահանգից ԱՄՆ Սենատի ընտրություններում և հայտարարել Հայաստանին աջակցելու մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հաղթանակ է տարել Միչիգան նահանգում անցկացված ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ պարտության մատնելով Հանրապետական կուսակցության թեկնածու Մայք Ռոջերսին։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։
Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ Սենատում ընտրված առաջին մահմեդական ամերիկացին։ Նա կզբաղեցնի սենատոր Գերի Փիթերսի տեղը, որն ավելի վաղ հայտարարել էր Կոնգրեսից հեռանալու մասին։
Նախընտրական արշավի ընթացքում Էլ-Սայեդն ստացել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը։ Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նա երախտագիտություն է հայտնել իրեն սատարելու համար և ընդգծել, որ Միչիգանի հայ համայնքը նահանգի կարևոր մասն է կազմում։
«Ես հպարտ եմ այս պայքարում ANCA-ի աջակցությամբ։ Միչիգանի ամերիկահայերը մեր մեծ նահանգի թանկագին մասն են։ Շարունակվող վայրագությունների ֆոնին Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմական օգնությունը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա նաև խոստացել է, որ որպես սենատոր հանդես կգա հանուն հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի։
«Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղությունը, արժանապատվությունը, անվտանգությունն ու ինքնորոշումը»,- ընդգծել է Էլ-Սայեդը։
ANCA-ի հոկտեմբերի 1-ի հայտարարության համաձայն, կազմակերպությունն աջակցել է թեկնածուին նախընտրական արշավի շրջանակներում։ Դրանում նաև նշվում է, որ Միչիգանի հայ համայնքն ԱՄՆ-ում հնագույններից ու խոշորագույններից մեկն է։ Դրա պատմական կենտրոններն են շարունակում մնալ, մասնավորապես, Սաութֆիլդի Սուրբ Հովհաննես և Դիրբոռնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցիները։
Հասանելի է
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
Կազմակերպություն
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
Աղբյուրը՝ NEWS.am
