Ով կփոխարինի Շտայնմայերին. Գերմանիայի իշխող դաշինքում վեճ է ծագել երկրի նախագահի թեկնածության շուրջ

Ընտրություններ00:10 | հոկտեմբերի 30, 2026Ով կփոխարինի Շտայնմայերին. Գերմանիայի իշխող դաշինքում վեճ է ծագել երկրի նախագահի թեկնածության շուրջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայում պահպանողական դաշինքի ներսում սրվել են տարաձայնությունները նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի իրավահաջորդի հարցում։ Շտայնմայերը պաշտոնը կլքի պաշտոնավարման երկու ժամկետից հետո, հայտնում է tagesschau-ն։
Քրիստոնեասոցիալական միությունն արդեն աջակցել է Բավարիայի լանդտագի նախագահ Իլզե Այգների թեկնածությանը, սակայն կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու նրա Քրիստոնեադեմոկրատական միությունը ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել։ Դաշնային ժողովը պետության նոր ղեկավարին պետք է ընտրի 2027 թվականի հունվարի 30-ին։
Մերցը կարծում է, որ պահպանողական դաշինքի կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՔԴՄ-ին՝ որպես Դաշնային ժողովի ամենամեծ կուսակցության։ Գերմանական ARD հեռուստաալիքի տվյալներով՝ կանցլերը դեռ վերջնական որոշում չի ընդունել և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել դաշնային երկրամասերում կուսակցության ղեկավարների և ՔՍՄ ներկայացուցիչների հետ։ Քննարկման կարևոր փուլ կդառնա նոյեմբերի 9-ին անցկացվելիք ՔԴՄ ղեկավարության նիստը։ Դաշինքի ներսում համաձայնության հասնելուց հետո Մերցը նախատեսում է թեկնածությունը քննարկել իշխող կոալիցիայի գործընկերոջ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև «Կանաչների» հետ։
ՔՍՄ ղեկավար և Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը կողմ է Այգների ընտրությանը, որը վայելում է իր կուսակցության աջակցությունը։ Նա 61 տարեկան է, նախկինում զբաղեցրել է գյուղատնտեսության դաշնային նախարարի պաշտոնը։ Ընտրվելու դեպքում Այգները կդառնա Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Նրա թեկնածությանն աջակցել են նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ։ Մասնավորապես, սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիաս Միրշը հայտարարել է, որ պետությունը ղեկավարած 12 տղամարդուց հետո ժամանակն է կին ընտրել։
Սակայն ՔԴՄ-ում ուժեղանում են սեփական թեկնածուին առաջադրելու կոչերը։ Հնարավոր հավակնորդների թվում նշվում են Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոքները, պաշտպանության նախկին նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, կրթության նախարար Կարին Պրինը և Հեսսենի խորհրդարանում ՔԴՄ խմբակցության ղեկավար Ինես Կլաուսը։ Վերջինս հայտարարել է, որ նախագահական մրցապայքարի համատեքստում իր անվան հիշատակումն իսկ մեծ պատիվ է համարում։
Գերմանիայի դաշնային նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում, ներկայացնում է երկիրը երկրի ներսում և արտերկրում, ստորագրում է օրենքները և ունի զգալի բարոյական ու քաղաքական հեղինակություն։ Նրան ընտրում է Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից և դաշնային երկրամասերի խորհրդարանների կողմից ուղարկված նույնքան ներկայացուցիչներից։ Ընդհանուր առմամբ, 2027 թվականի հունվարի 30-ի քվեարկությանը կմասնակցի 1260 մարդ։
Հասանելի է
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
