TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու. Սարգիս Խանդանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է, ոչ թե տարածք կամ ռազմաբազա, և դրա շրջանակում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի նախատեսվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում ունեցած ելույթում։
«Շատ խոսվեց TRIPP-ի մասին, և ես երեկ հարցուպատասխանի ընթացքում մի քանի անգամ այս միտքն ասացի։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է։ Երեկվա քննարկման և հատկապես «Հայաստան» դաշինքի կողմից հնչած հարցերի համատեքստն այնպիսին էր, որ TRIPP-ը Լաչինի միջանցքի նման մի բան է, բայց դա այդպես չէ։ Այդ մասին վկայում են TRIPP-ի վերաբերյալ մինչ օրս հրապարակված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնագիրը, որը խորհրդարանը կքննարկի»,- ասաց Խանդանյանը։
Նա ընդգծեց, որ TRIPP-ը նաև ինքնիշխան ռազմաբազա չէ։
«Ընդհանրապես, TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու։ Ինչպես համաձայնագիրն է փաստում, անվտանգային ամբողջ գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին»,- հայտարարեց Խանդանյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ նշելով, որ այն արդեն սկսվել է, թեև դեռ ոչ բավարար ծավալով։
«Հայաստանն արդեն մի քանի ամիս օգտվում է Ադրբեջանի երկաթուղիներից, նաև հանվել է Ախալքալաք–Կարս երկաթուղուց օգտվելու արգելքը։ Սրանք ևս լայն ապաշրջափակման գործընթացի դետալներ են»,- ասաց Խանդանյանը։
Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները 2026 թվականի մայիսի 26-ին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, որի 8-րդ հոդվածը սահմանում է.
«Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչարարություն և վերահսկողություն»։
Աղբյուր՝ Hayastan.news
