ՀՀ-ի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու փաստաթղթերը. Փաշինյան

91243627-49-202-1551-1047-1920x0-80-0-0-5ee8f5c9177f96b4e3ea91b2e8e2df82-1772091740036-770x_

Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը: Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են երկու երկրների ու կառավարությունների քաղաքական կամքի վրա: Մենք հիմա տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը: Ամենաուժեղ գործոնը կայունության ու խաղաղության կարող է լինել փոխկախվածությունը, միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի եզրույթ չէ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածությունները ավելի հուսալի գործոններ են, ուստի տարածաշրջանային տրանսպորտի և հաղորդակցության բացումը կամրապնդի մեր տարածաշրջանում խաղաղությունը: Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մենք ապրել ենք թշնամանքի մթնոլորտում մի քանի տասնամյակ, ու հնարավոր չէ պարզապես անջատել կոճակն ու ամեն ինչ փոխել, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ մթնոլորտը փոխվում է:

2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները և այդ մասին հայտարարեցինք: Մի քանի ամիս անց մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր, այդ հռչակագիրը ստորագրվեց նաև նախագահ Թրամփի կողմից, նա դա ստորագրեց որպես վկա և հաստատեց խաղաղություն: Մենք շարունակում ենք աշխատանքը ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ:

Համաձայնագիրը հետևյալի մասին է՝ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան միմյանց հաղորդակցության ուղիներն օգտագործել ներպետական, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Բնականաբար դա նոր հնարավորություններ է բացում մեր պետությունների ու տարածաշրջանի համար, քաղաքական պայմանավորվածությունները շատ կարևոր են խաղաղության հաստատման համար»,- նշել է նա: