Մենք երախտապարտ ենք մեր հարևաններին․ Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են խաղաղության գործընթացին․ Նիկոլ Փաշինյան
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին:
«Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին: Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ: Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ընդգծել, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:
«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզմունք հայտնել, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։
Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին: Ես հավատացած եմ, որ այս գործընթացն սկիզբ է առել, և անկեղծ ասեմ՝ իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի է»։
Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
