Պեսկովն ասել է՝ որն է Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարը»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրների լուծման դժվարության մասին։ Նրա խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է շարունակել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ «բազմազավակ ընտանիքների խթանումը»։

«Ժողովրդագրությունը, հավանաբար, մեր աքիլլեսյան գարշապարն է, մեր ամենամեծ խնդիրը: Դա չի կարող լուծվել մեկ գիշերում»,- ասել է Պեսկովը։

Պետության կողմից այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների թվում մամուլի քարտուղարը նշել է մայրական կապիտալի ինդեքսավորումը, միայնակ մայրերի և աղքատ ընտանիքների աջակցության միջոցառումները։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է նաև «խթանել» բազմազավակ ընտանիքները և դրանք դարձնել «մոդայիկ»։

«Դրա համար, ի դեպ, մեզ համար այդքան կարևոր են ավանդական արժեքները... Սա մեր երկրի՝ իր հսկայական տարածքով կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ ինքը վեց երեխաների հայր է։

Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականին ՌԴ բնակչության բնական նվազումը 495,2 հազարից հասել է 500,3 հազարի։ 2024 թվականի սկզբին Ռոսստատը ներկայացրել է մինչև 2046 թվականը Ռուսաստանի ժողովրդագրական կանխատեսման երկու տարբերակ՝ բարձր և ցածր: Կանխատեսման լավատեսական տարբերակը ենթադրում է Ռուսաստանի բնակչության աճ 4,59 միլիոն մարդով մինչև 150,87 միլիոն մինչև 2046 թվականի սկիզբը։ Հոռետեսական վարկածի համաձայն՝ մինչև 2046 թվականը երկրի բնակչությունը կնվազի 15,4 միլիոնով և կկազմի 130,6 միլիոն մարդ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.