«Ակադեմիական քաղաքը» մետրո ու տրամվայ է ունենալու, իսկ երկաթուղու երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ ԿԳՄՍ նախարար

Մենք քննարկում ենք տրանսպորտի բոլոր հնարավոր տարբերակները «Ակադեմիական քաղաք» հասնելու համար, քանի նմանատիպ նախագծերի իրականացման փորձը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ հաջողության ամենակարևոր գրավականը տրանսպորտային հասանելիությունն է։

 

Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաքը» լինի հասանելի ոչ միայն մեկ տեղից և մեկ ձևով, ինչը կնշանակի, որ այն հասանելի չէ, այլ տարբեր ձևերով, տարբեր ուղղություններով ու տարբեր տրանսպորտային տարբերակներով», - նշեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր տարբերակները հիմա քննարկվում են։

 

Նրա խոսքով՝ մինչև ս․թ․ հունիս ամիսը պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքի» ամբողջությամբ մշակված հատակագիծը, և զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում լանդշաֆտային դիզայնի ուղղությամբ, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքներ սկսելը։

««Ակադեմիական քաղաքի» տարածքով երկաթուղային գիծ է անցնում, որն այս պահին ավելի շատ օգտագործվում է իբրև բեռնատար։ Մենք դա վերափոխելու ենք ուղևորատար նպատակներով կիրառելու։ Մենք ուզում ենք դարձնել դա «Ակադեմիական քաղաքի» հիմնական տրանսպորտային հանգույցը, որը «Սասունցի Դավիթ» կայարանից կգնա դեպի «Ակադեմիական քաղաք», և այնտեղ կլինի կայարան», - նշեց Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է մետրոյի զարգացմանը, ապա ըստ նախարարի՝ իրենք դա պատկերացնում են «Աջափնյակ» կայարանից։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տրանսպորտային հասանելիությունն ապահովվելու է մի քանի եղանակով, և երկաթուղուց ու մետրոյից բացի նախատեսվում է նաև տրամվայ և տրանսպորտային այլ միջոցներ գործարկել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.