Աննկարագրելի էմոցիաներ էին. 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, ArmSport-ին տված բացառիկ հարցազրույցում կիսվել է տպավորություններով:

 

55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

 

«Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո արդեն կհաղթեի, եթե մրցակիցս՝ Իտալիայի ներկայացուցիչը չբարձրացներ 111 կգ ծանրաձողը, բայց երբ բարձրացրեց, մարզիչներիցս մեկն ինձ ոգևորեց, ու ասաց՝ դեռ մեկ մոտեցում ունես, պետք է կռիվ տաս: Երեկ մարզչիս՝ Քրիստինեի ծննդյան օրն էր, ու հաղթանակս նաև նրան եմ նվիրում:

 

Երբ հրեցի 115 կգ կշռող ծանրաձողը, նախ չէի հավատում, որ բարձրացրել եմ, շատ անհավատալի էր: Ուրախությանս չափ չկար, աննկարագրելի էմոցիաներ էին: Շատ հպարտ էի, որ իմ պատվին Բուլղարիայում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Ուրախ եմ, որ կարողացա ուրախություն պարգևել հայ ժողովրդին»,- ասել է Ալեքսանդրան:

Հիշեցնենք՝ հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 81 կգ կշռող ծանրաձողը։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.