Արցախից տեղահանված ուսուցիչները ՀՀ մի քանի համայնքների դպրոցներում աշխատելու դեպքում կստանան նաև 50,000 դրամ հավելավճար

Վերջին տվյալներով ՀՀ դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված  13,320 երեխա հնարավորություն ունի շարունակել կրթությունը, որոնցից 4,302-ը՝ Երևանում։

 

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»  ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

 

Այս օրերին Արցախից տեղափոխված քաղաքացիներն ահազանգում են, որ դժվարություններ են ի հայտ գալիս երեխաներին դպրոցներում տեղավորելու հարցում։

 

Փոխնախարարը պարզաբանեց, եթե տվյալ դպրոցում լիցենզիայով նախատեսված տեղերը սպառված են, ապա պետք է դիմել մեկ այլ դպրոց։

«Ունենք բնակավայրեր, որտեղ գրեթե բոլոր դպրոցները ծանրաբեռնված են, հետևաբար, այլ լուծումներ ենք գտնում։ Հնարավորություն է տրվում երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ։ Չնայած հնարավոր է տեղերը սահմանափակված են արդեն, բայց բոլոր երեխաներին կրթության հնարավորություն է տրվում»,- մանրամասնեց նա։

Անդրադառնալով Արցախից տեղափոխված ուսուցիչների օժանդակության ծրագրին՝ Արաքսիա Սվաջյանն արձանագրեց, որ շուրջ 1,500 ուսուցչի հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգով ընդունվել աշխատանքի։

«Նրանք կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել։ 2 ուսումնական տարով պայմանագիր է կնքվում ուսուցչի հետ։ Նրանք իրենց աշխատավարձին զուգահեռ կստանան նաև 30 տոկոս հավելավճար։ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների կրթական հաստատություններում աշխատելու դեպքում կստանան 50,000 դրամ հավելավճար»,- ներկայացրեց փոխնախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.