Թուրք զինվորականներն ավարտել են իրենց պատրաստությունը և Ադրբեջան կմեկնեն մոտ ժամանակներս․ նախարար

Թուրք զինվորականները Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մեկ տարի ժամկետով կաշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոնիթորինգային կենտրոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրք զինվորականները մոտ ժամանակներս «կուղևորվեն Ադրբեջան», ցամաքային զորքերը ավարտել են իրենց պատրաստությունը:

«Մեր զինվորականները Ռուսաստանի Դաշնության (Լեռնային Ղարաբաղի հարցով) համատեղ կենտրոնում կաշխատեն մեկ տարի»,- տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.