Մի հյուրանոցի պատմություն. ինչո՞ւ էր «ALEXANDER»-ը խանգարում կոմիկին, բայց գոհացնում քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնի է ոչ միայն անշարժ գույքի հանդեպ ունեցած իր մոլուցքով, այլև առիթ-անառիթ դատի տալու սովորությամբ: Թե՛ մինչև քաղաքապետ դառնալը, թե՛ հատկապես դրանից հետո Մարությանի անունը մի շարք դատական հայցերի հետ է կապված, բայց այդ շարքում առանձնանում է մեկը, որը բացառություն է կազմում. պարզվում է, Հայկ Մարությանը կարող է ոչ միայն դատի տալ, այլև կարճել գործի ընթացքը, իսկ թե ինչ պատճառով՝ միայն իրեն է հայտնի: Եվ այսպես, երեք տարի առաջ այն ժամանակ հանրությանը միայն որպես կոմիկ հայտնի (թեև հիմա էլ է այդ ընկալումը գերակշռում) Հայկ Մարությանը դատական հայց ներկայացրեց «Alexander» հյուրանոցի դեմ՝ ապօրինի շինարարություն իրականացնելու համար: Դերասանին հույժ զայրացրել էր այն հանգամանքը, որ ընկերությունը «Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկում շինարարություն է իրականացնում՝ փակելով շենքի բնակիչների համընդհանուր սեփականություն համարվող մուտքը»: Այլ կերպ ասած, ապագա քաղաքապետը դատարան մտնելով փորձում էր պայքարել ապագա շքեղ հյուրանոցի սեփականատերերի դեմ. «Ես ամեն տարի այս տարածքի համար, որը մեր շենքի բնակիչների սեփականությունն է, գույքահարկ եմ վճարում … այս հյուրանոցի մարդիկ երևի հարց ու փորձ են արել, տեսել են, որ սա տարածք է, որը «ոչ մեկինը չի», որոշել են զավթել: Եկել են, դուռ են դրել…. »,- լրագրողներին բողոքել էր Մարությանը, ով անգամ ձեռքն էր վնասել, երբ փորձել էր ինքը դուռը բացել: Հետո եկել էին ոստիկանները, վեճը տեղափոխվել էր դատական հարթություն… բայց ինչպես գիտենք հյուրանոցն այսօր մայրաքաղաքի շքեղ հյուրանոցների շարքում է, իսկ Մարությանը կարճ ժամանակ անց դարձավ Երևանի քաղաքապետ: Ի՞նչ պետք է աներ անձը, ով ժամանակին պայքարում էր «ապօրինի շինարարության» դեմ, դառնալով քաղաքապետ: Ըստ տրամաբանության՝ պայքարը շարունակեր, պնդեր, որ նախորդ քաղաքային իշխանությունները շինարարություն իրականացնելու համար թույլտվություն չէին կարող տալ, քանի որ, ըստ 2017 թվականի նոյեմբերի իր հարցազրույցի, շենքի 18 բնակիչներից միայն 4-ն են դրան համաձայն: Ի վերջո, սա փայլուն գործ է, որով Հայկ Մարությանը քայլարածներին կարող էր օգնել նախորդներին ջրի երես հանելու հարցում ու, ըստ այդմ, դիվիդենտմեր շահեր, թե ինչքան մաքուր է ու հետևողական: Բայց Մարությանը՝ Երևանի ներկայիս քաղաքապետը, գնաց բոլորովին այլ ճանապարհով՝ նա պարզապես հետ վերցրե իր հայցադիմումը ու փակեց թեման, թեև շարունակում է ապրել այդ շենքում ու հյուրանոցն էլ բարեհաջող աշխատում է: Եվ ուրեմն, ինչպես սիրում է ասել յուր «շեֆը», ո՞րն է Մարությանի մտքափոխվելու պատճառը: Հյուրանոցն էլ չի՞ խանգարում շենքի բնակիչներին, հետևապաես նաև իրեն: Դժվար է հավատալ դրան, քանի որ նման հաստատությունների գործունեությունը միշտ էլ բողոքի առարկա է դառնում հարևանության համար: Գուցե նախկինները շինթույլտվություն տալուց օրենք չեն խախտել և դառնալով քաղաքապետ Մարությանը դա պարզել է ու խղճի խայթը ստիպել է նրան հայցադիմումը հետ վերցնել: Սա էլ է փոքր ինչ կասկածելի թվում, թեև ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ գուցե Հայկ Մարությանը, այսպես ասած, «լեզու է գտել» հյուրանոցի սեփականատերերի հետ և այդ գործընթացը «բացել է նրա աչքերը, որ հեչ էլ չխանգարա հոթելը, դեռ մի բան էլ իրենց շենքին հմայք կտա»: Հարցերը շատ են, հարցականները կարելի է անվերջ շարել, սակայն որքան շատ են դրանք, այնքան քիչ է հավատքը առ այն, որ Հայկ Մարությանը նոր Հայաստանի ներկայացուցիչ է, այլ ոչ թե բիզնեսմեն, որը միայն ու միայն իր շահով է առաջնորդվում:

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.