Եթե այս բացը լրացվի պանդեմիային հաղթելուց հետո, ապա նոր աշխարհում շահեկան դիրք կունենանք

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ, Ոստիկանության ղեկավարների նշանակումները հանրային արձագանք չգտան։ Արդյո՞ք սա վկայում է քաղաքական համայնքի ծուլության և անտարբերության մասին։ 19-րդ դարի 30-ականներին, սոցիալական աղետների շրջանում Մեծ Բրիտանիայի վարչապետ, ներքին գործերի նախարար, Պահպանողական կուսակցության հիմնադիր Ռոբերտ Պիլը փոխեց ոստիկանության հիմնախնդիրը։ Մինչ այդ ոստիկանությունը բացահայտում էր հանցագործությունը, հայտնաբերում ու վնասազերծում հանցագործին։ Պիլը ոստիկանության առաջ նոր խնդիր դրեց՝ կանխարգելել հանցագործությունը։ Լոնդոնի փողոցներում հայտնված ոստիկանի համազգեստով պարեկներին ժողովուրդը կոչեց Բոբի (Ռոբերտ Պիլի անվան կրճատ ձևով)։ Նրանք իրենց ներկայությամբ զսպում էին կարգազանցին, խուլիգանին, մանավանդ՝ հանցագործության հակում ունեցող դեռահասին։ Նույնիսկ դաստիարակը երեխային սաստում էր՝ «խելոք մնա, թե չէ Բոբի քեռին կգա»։ Ներկա աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ոստիկանությունն իրականացնում է նույն առաքելությունը, որը ժամանակին սահմանել է Պիլը։ Բան չի փոխվել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մարտի 19-ին նշանակմամբ ոչինչ չի փոխվելու ՀՀ ոստիկանությունում։ Եթե վիրուսի պատճառով հին աշխարհն այլևս չկա, ապա կանխատեսելի է, որ նոր աշխարհում, հնարավոր է, կփոխվի ոստիկանության առաքելությունը։

Այս առումով՝ սպասելի՞ են համակարգային-արմատական այն կարգի փոփոխություններ, ինչպիսին եղել են, օրինակ, Խորհրդային կայսրության կործանումից հետո, Վանո Սիրադեղյանի պաշտոնավարման շրջանում։ Հանրային անտարբերությունը նկատելի է նաև ԱԱԾ նոր տնօրենի նշանակման նկատմամբ։ 2008 թվականի ապրիլի դրությամբ՝ ԱԱԾ սենյակներից մեկում պատին կախված էր ՊԱԿ-ի կուռք Ձերժինսկու նկարը։ 2019-ի օգոստոսին ԱԱԾ նախկին տնօրենի օգնականի հայտարարությունը՝ «Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը», հանրային լայն արձագանք գտավ։ Եթե հետպանդեմիական նոր աշխարհը հիմնովին վերանայի 2-րդ աշխարհամարտից հետո սահմանված աշխարհակարգը, ապա, միգուցե՝ կփոխվի Հայաստանի քաղաքական դիրքն աշխարհում, հետևաբար՝ ԱԱԾ գործառույթները։ Բայց ի՞նչը կարող է փոխվել։ Օրինակ՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն ռուսական լրտես կձերբակալի։ Ոստիկանության և ԱԱԾ բարեփոխումների ակնկալիքներն այս օրերին կարող էին քաղաքական դիսկուրսի և հանրային բանավեճի նյութ դառնալ, բայց չդարձան, թերևս՝ պանդեմիայի պատճառով։ Եթե այս բացը լրացվի պանդեմիային հաղթելուց հետո, ապա, հնարավոր է՝ նոր աշխարհում շահեկան դիրք կունենանք։

 

Թաթուլ Մկրտչյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.