Իրանում զինվորականներ են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով

Իրանում մի շարք անձինք են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհուսեին Էսմայիլիին: Այլ մանրամասներ վերջինս չի հայտնել:

Ինքնաթիռի կործանման պատճառ դարձած անձանց ձերբակալությունների մասին հայտնում են նաեւ իրանական լրատվական կայքերը՝ նշելով, որ նրանք զինվորականներ են, սակայն ձերբակալված իրանցիների թիվը չի նշվում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ցավակցություններն էր հայտնել իր երկրի տարածքում տեղի ունեցած ավիաաղետի բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին եւ խոստացել «աններելի սխալի» համար բոլոր պատասխանատուներին խստագույնս պատժել:

 

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն իր վրա էր վերցրել ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, ինչի կապակցությամբ Ռոհանին հայտարարել էր, թե սա միայն հիշյալ կորպուսի սխալը չէ:

Հիշեցնենք՝ Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ, ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:

Նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:

Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը: 

Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:

Միայն այս ամենից հետո Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաիանական ինքնաթիռը խոցել է իրենց երկրի կողմից արձակված հրթիռը: Իրանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ 176 մարդու մահվան պատճառ դարձած կործանված Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար հարվածի տակ էր առնվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.