Կհաղթենք ապօրինի թեկնածուին. Թովմաս Գրիգորյան

ՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում խոսել է իր շանսերի, ընտրապայքարի, իր ծրագրերի ու մի շարք այլ հարցերի մասին:

Թովմաս Գրիգորյանի հետ հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը կարող եք տեսնել այստեղ և այստեղ:

– Պարոն Գրիգորյան, հաշված օրեր են մնացել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Ինչպե՞ս եք տրամադրված ու ինչպե՞ս է ընթանում պայքարը:

– Շատ լավ եմ տրամադրված: Լավատես եմ ու հաղթանակի ակնկալիք ունեմ:

– Մեզ տված նախորդ հարցազրույցում, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, նշել էիք, որ 70% և ավելի համախմբում կա Ձեր և Ձեր թիմի շուրջը: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:

– Այդ ժամանակ դեռ ՀԿ-ների կասեցումը չէր եղել, ինչը եղավ անարդար, ոչ ճիշտ ձևակերպումով: Օրինակ «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», որի ֆուտբոլային գործունեությունը բացարձակապես որևէ քննման ենթակա չէ, մարդ, որը ֆուտբոլի բնագավառում մի շարք բարեգործություններ է արել, ի դեպ վերջինը՝ նոյեմբերին, համարվում է, որ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: Իսկ հեռուստատեսությունում ֆուտբոլային հաղորդում ունենալը, խաղեր մեկնաբանելն ու վճարովի աշխատանք կատարելը համարվում է ֆուտբոլային գործունեություն: ՀՖՖ-ի 9 անդամներից 7-ի ձայնը իմն էր, նրանց անդամությունը կասեցրին: Բայց այս պահին էլ բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները, քանի որ կա ֆուտբոլային աշխարհի կոնսոլիդացիա, մեր ծրագրերի շուրջ համախմբում:

 

– Այսինքն կարծում եք, որ այդ ՀԿ-ների անդամության կասեցումը նպատային քայլ էր ուղղված Ձեր դե՞մ:

– Օրինակ բերեմ: Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում չեն ընդունում՝ ասելով, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին: Բայց իրականում, նրա թեկնածությունը չընդունվեց, քանի որ ֆեդերացիայում գիտակցում են, որ Արսեն Աղաջանյանի ստանալիք ձայների որոշ մասը գուցե իրենց գար: Չոր մաթեմատիկական հաշվարկներով նման ակումբի թեկնածուին հանեցին մրցապայքարից: Եթե հեռուստաընկերությունով օտարերկրյա խաղ մեկնաբանելը համարվում է ֆուտբոլային գործունեություն, ինչպե՞ս կարող եք ասել, որ նույն խաղը դիտելը ֆուտբոլային գործողություն չէ: Գիտեմ նաև, որ Արսեն Աղաջանյանը մանկապատանեկան թիմերի է հովանավորում: Սա բացահայտ պաշտոնական դիրքի չարաշահում է:

Իրենք ինչ կազմակերպում են, անարդար է: Բայց այնպիսի կոնսոլիդացիա կա, այնպիսի ֆուտբոլային ուժ է իրենց դեմ կանգնած, որ չեն կարողանալու որևէ բան անել: Շատ լավ գիտեմ իրենց քայլերի հաջորդականությունը: Փորձում են ծիծաղելի բաներ անել, ժողովն անցկացնել ոչ կանոնադրական կետերով, որը աննախադեպ է լինելու: Բայց, միևնույն է, այդ ձևով էլ են պարտվելու:

-Նշեցիք, որ ժողովը փորձում են անցկացնել ոչ կանոնադրական կետերով: Ինչի՞ մասին է խոսքը:

– Կանոնակարգը հստակ է: Չեմ ցանկանա բարձրաձայնել այն ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ, բայց գիտեմ, որ ուզում են գնալ ոչ ճիշտ ճանապարհով:

– Խախտումների մասին եք բարձրաձայնում, բայց ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեն, քննություն անցկացնելով, վերջնական որոշում կայացրեց, որ ՀՖՖ նախագահի և Գործադիր անդամի բոլոր թեկնածուները համապատասխանում են պահանջին և կարող են մասնակցել ընտրություններին …

– Ներքին աուդիտը պիտի անկախ մարմին լինի: Եթե ուսումնասիրեք, թե ովքեր են Ներքին աուդիտի անդամները, կհասկանաք, որ այն չի կարող անկախ մարմին լինել, քանի որ նրանք տարբեր ճանապարհներով ֆեդերացիայից գումար ստացող, outsource-ից աշխատավարձեր ստացող մարդիկ են: Կանոնադրության մեջ հստակ գրված է, որ որևէ փոխկապակցվածություն և անկախությանը կասկածվող հանգամանք չպետք է լինի, միչդեռ բացի Ներքին աուդիտի նախագահից, մնացած բոլոր անդամները ֆինանսապես կախված են ֆեդերացիայից: Այսինքն, միանշանակ որոշումը չեմ համարում ճիշտ: Ավելին, այն համարում եմ ապօրինի: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Կհաղթենք ապօրինի թեկնածուին:

– Ի դեպ, Արմեն Մելիքբեկյանին ավելի վաղ կոչ էիք արել այս ընթացքում արձակուրդի գնալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ համաժողովի կազմակերպմանը նա անմիջական մասնակցություն է ունենալու: Այս առումով ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

– Արմեն Մելիքբեկյանը ԶԼՄ-ների միջոցով ինձ պատասխանեց, որ ես եմ իրեն տվել ժողովը անցկացնելու իրավասությունը, բայց այն ժամանակ, երբ մենք Գործկոմով հաստատում էինք այն փաստը, որ ինքը անցկացնի ժողովը, ինքն ասում էր, թե չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Բայց երբ առաջադրվեց, թե՛ բարոյապես և թե՛ բոլոր նորմերով պարտավոր էր աշխատանքի չգնալ ՀՖՖ, բայց հենց այս պահին էլ ինքն աշխատում է այդ թիմի հետ ու կազմակերպում ընտրությունները:

– Նշեցիք, որ հավատում եք Ձեր հաղթանակին: Իսկ պատկերացրե՞լ եք` ինչ կլինի հակառակ սցենարի` Ձեր չընտրվելու դեպքում: Արդյոք կշարունակե՞ք աշխատանքը ՀՖՖ-ում, ու առհասարակ ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքն Արմեն Մելիքբեկյանի հետ:

– Շատ բարդ հարց եք տալիս: Չեմ մտածել այդ մասին ու չեմ ուզում մտածել այդ մասին: Ասացի, որ կա մեծ կոնսոլիդացիա, 70 և ավելի տոկոսի համախմբում իմ և իմ թիմի շուրջ անգամ այս պահին: Իրենք ինչ էլ անեն, չի ստացվելու: Եթե շատ մեծ խախտումներ իրականացնեն, մենք կփորձենք պայքարել մեր իրավունքները վերականգնելու համար: Իմ չընտրվելու պարագայում պարզապես չեմ տեսնում, որ ես և Արմեն Մելիքբեկյանը կարող ենք միասին աշխատել, որովհետև ֆուտբոլի զարգացման իմ տեսլականն ուրիշ վեկտոր ունի, իսկ իրենը, առհասարակ, չգիտեմ՝ ունի՞ վեկտոր, թե՞ ոչ:

Սա բացառիկ հնարավորություն էր, երբ իշխանությունները կամք էին դրսևորել ու լինելու էր մրցակցային պայքար, իսկ դա ենթադրում էր գիտելիքի, տեսլականի, քայլերի ներկայացումը ֆուտբոլային ընտանիքին: Բայց նման բան ոչ ոք չտեսավ, քանի որ Արմեն Մելիքբեկյանը հետևյալ քաղաքականությունն է որդեգրել՝ երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը մանիպուլյացայի միջոցով տրամադրում է մյուս թեկնածուի դեմ՝ ասելով, թե սա սրա հետ է, նա նրա հետ է: Բայց մենք իրենց ուղնուծոծով գիտենք, գիտենք, թե իրենք ում հետ են, ումից են փողեր վերցրել,ինչպես են հաղորդումներ կազմակերպել գրպանային փողերով: Ամեն ինչ գիտենք իրենց մասին, բայց նրանք այսօր ինձ կապում են այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ իրենց վճարել են համապատասխան գործողություններ անելու համար: Տեղի ունեցավ պարզապես բամբասանք: Ես մինչև այսօր որևէ սև PR չեմ արել, բայց երեկ վրդովվեցի, երբ Արմեն Մելիքբեկյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասաց, որ ես հին մարդ եմ:  Չեմ կարողանում հասկանալ՝ ինչ ասել է հին մարդ լինել: Այո ես հին մարդ եմ ավանդապաշտությամբ, այո ես հին եմ ընտանիքասիրությամբ, այո ես հին եմ մեր խորը հայկական արմատների ու հայրենասիրության մեջ, այո ես հին եմ մեր հայ ազգի ունեցածը գնահատելով ու արժևորելով: Բայց մյուս ասպեկտներում ես միշտ ներկա եմ: Ես երբեք հին ու նոր չեմ լինելու:

– Պարոն Մելիքբեկյանը «վերադարձ հնին չի լինելու» ասելով ակնարկում էր Ձեր «կապը» ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ու այն, որ նա աջակցում է Ձեր թեկնածությունը: Այս մասին ի՞նչ կասեք:

– Ռուբեն Հայրապետյանն ինձ աջակցե՞ց: Ոչ: Ընդհակառակը, նա իմ հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրեց՝ ասելով, որ ես Վանեցյանի մարդն եմ: Ես ոչ մեկի մարդը չեմ: Ինձ համար այս ամենը շատ վիրավորական է: Ես ֆուտբոլի զարգացման պաշտոնյա եմ: Ես գործել եմ ի շահ ֆուտբոլի: Ես այնպիսի հեղինակություն ունեմ ֆուտբոլում, որ կարող եմ ցանկացած մարդու ասել իմ կարծիքը՝ ի շահ մեր ֆուտբոլի զարգացման:

– Իսկ Դուք ի՞նչ ծրագրով եք մտադիր առաջ շարժվել:

– Իմ տարերքն է ծրագրերի մասին խոսելը: Դեռ 1,5 տարի առաջ գրել էի 10 տարվա ռազմավարության ծրագիր, որը ներկայացրել էի ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանին, որը, ինչպես միշտ, կասեցվեց իր երկու տեղակալների միջով: Արդյունքում, մենք գնացինք լրիվ հակառակ ուղղությամբ:

Իմ ու իմ թիմի համար առաջնայինը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Մանկապատանեկան ֆուտբոլի ցանկացած շահառու պետք է իմանա՝ ինչ է անում, ինչ է ստանում, ինչ ակնկալիքներ ունի: Կարող եմ դա նույնիսկ թվերով ասել. մանկապատանեկան երկրորդ լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները կստանան 75-ից 100 հազար դրամ, առաջին խմբում հանդես եկողները՝ 150-ից 200 հազար դրամ կախված իրենց աշխարհագրական դիրքից: Մենք կկոմպենսացնենք Շիրակի, Կապանի, Նոյեմբերյանի, Վանաձորի երեխաների ճանապարհածախսը, ովքեր այսօր վառելիքի պատճառով չեն կարողանում Երևան հասնել, որոնց հանդերձարանների՝ բարվոք չլինելու պատճառով ՀՖՖ-ն պարտություն է գրանցում: Մանկապատանեկան ֆուտբոլից կարող եմ օրերով խոսել, թե ինչպես ենք մենք պատկերացնում դրա զարգացումը, իսկ դա լինելու է հայկական ֆուտբոլի հիմնաքարը:

Հաջորդ կետը Առաջին խումբը փոխարինողներից տարանջատելն է: Մենք պետք է հասկանանք ակումբների՝ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ցանկությունը: Կլոր սեղանի շուրջ պետք է քննարկումներ անենք ակումբների սեփականատերերի հետ:

Ամենակարևոր կետերից է նաև հայկական ֆուտբոլում VAR համակարգի ներդրումը: Մենք տաքարյուն ազգ ենք, բոլորս հասկանում ենք, որ մրցավարի ամեն մի սխալ սուլիչ կարող է ճակատագրական լինել թիմերի համար: Իսկ VAR-ը կարող է կանխարգելիչ գործիք լինել:Մրցավարական կորպուսը պետք է զարգացնենք, կրթենք մրցավարներին:

Ակադեմիաների հարցը ևս շատ կարևոր է. ինչ կիսատ կար, այդպես էլ մնացել է:  Չեմ ցանկանում ինձ վրա պատասխանատվություն վերցնել ու ասել, որ միտումնավոր են կիսատ թողել: Երբ հարցրել եմ, Մելիքբեկյանն ինձ ասել է, որ շատ արագ այդ հարցերը լուծելու են: Մի օր ասել են փաստաթղթային խնդիրներ կան, մի օր ասել են շինարարների հետ խնդիր կա, մի օր ասել են փող չկա… այդպես այդ ակադեմիաների կառուցումը ձգձվել է: Իմ կոնֆլիկտը հենց եղել է 700 փոքր դաշտերի կառուցումը: Դրանց փոխարեն մենք կարող էինք 20-25 ակադեմիաներ հիմնել մեր մարզերում, որոնք հետագայում կդառնային մեր մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակունքը:

Ինչ վերաբերում է հավաքականներին…. նախ պետք է բարձրացնել սկաուտինգի մակարդակը: Սկսած 10-12 տարեկան երեխաններից՝ բոլորի աճը, հաջողությունները գրանցելով նրանց պետք է հասցնենք գլխավոր հավաքականին:

– Հասկանալի է, որ մանկապատանեկան ֆուտբոլը մեր զարգացման հենասյունն է, բայց երկրպագուներն անպայման արդյունքներ են պահանջելու նաև Ազգային թիմից …

– Իհարկե: Մեկը մյուսին չի խանգարում: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է մեկ բան լավ լինի: Ֆուտբոլում պետք է ամեն ինչ լավ լինի: Մեր ուժը բաշխելու ենք բոլոր ուղղություններով: Հայաստանի առաջնությունն այնքան լավն է լինելու,այնքան տեխնոլոգիաներ ունենք, որ տարիներ շարունակ փորձել եմ կիրառել, չի ստացվել: Երկրպագուին պետք է բերենք խաղադաշտ: Մինչև դա տեղի չունենա, մեր ֆուտբոլի զարգացումը չի լինելու:

– Քիչ առաջ նշեցիք, որ կարող եք արտասահմանցի որակյալ մասնագետ հրավիրել Հայաստանի երիտասարդական հավաքականում աշխատելու համար, միևնույն ժամանակ՝ 0 դրամ աշխատավարձով: Նման օրինակ նաև «Լոռիի» դեպքում ենք տեսնում: Ինչպե՞ս եք հաջողել նախ ֆուտզալի «Թալգրիգ» թիմի , այնուհետև նաև Վանաձորի «Լոռիի» հետ, որը ունենալով թերևս շատ փոքր բյուջե, բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցում ու ֆինանսապես շատ ավելի հզոր թիմերի դեմ պայքարում՝ ձմեռային դադարից առաջ գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

– Այո Ձեր նշած թիմերից, օրինակ «Արարատ-Արմենիայից», «Փյունիկից», մեր ակումբի բյուջեն 5-6 անգամ քիչ է: Բայց կարևորն այն է, որ մենք այդտեղ դրել ենք հոգեբանություն, քայլերի հաջորդականություն, թիմ ձևավորելու տեխնոլոգիա, կա գաղափարախոսություն, որը մարդուն ուժ է տալիս: «Լոռիում» մենք խաղացող ունենք, որ 10-15 անգամ քիչ է վաստակում հայկական մյուս թիմերի առաջատար խաղացողներից, բայց ամեն տուրում ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ: Նույն բարի, լավ, նպատակասլացումը ծրագրավորելու ենք ամբողջ Հայաստանի ֆեդերացիայի վրա: Այնպես չէ, որ պատահականության արդյունքում ենք այսօր առաջին հորիզոնականում: Մեր բոլոր մանկապատանեկան թիմերը հայրենասեր ու պատվախնդիր են: Երեխաներ ունենք, ովքեր հանդերձարանից մինչև խաղաադաշտ գնում են ՀՀ օրհներգը երգելով, ու խաղադաշտից հանդերձարան են վերադառնում՝ ՀՀ օրհներգը երգելով:

Երեխաների մեջ փորձում ենք հայրենասիրություն սերմանել, ինչպես նաև սովորեցնում ենք ամենատարրական հարցերը՝ հանդերձարանից, լոգասենյակից օգտվելու կանոններ, մարզչի հետ շփման կուլտուրա, վարվեցողության կանոներ: Այդ մարդը հասարակության համար միայն պիտանի է լինելու: Այս հաջողված նախագիծը կիրառելու ենք ամբողջ Հայաստանում:

Իմ ընդդիմախոսներին ցանկանում եմ ասել, որ իրենց համար էլ է լավ լինելու:

– Արմեն Մելիքբեկյանն, ավելի վաղ խոսելով Իտալիա ուղևորության մասին, բացահայտ նշել էր, որ Իտալիա չի մեկնել, քանի որ ՀՖՖ պատվիրակության կազմում Դուք եք եղել, ու որ Ձեր հանդեպ թիմի կողմից բացասական վերաբերմունք կար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունն ու առհասարակ ի՞նչ հարաբերությունների մեջ եք թիմի հետ:

– Թիմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Մի շարք առաջատար խաղացողների հետ այսօր էլ կապի մեջ եմ: Զանգում են, զրուցում ենք, ես եմ զանգահարում: Ինչ վերաբերում է Իտալիա չմեկնելուն, ապա նորից նշեմ, որ այս ընտրությունները նա վերածեց մանիպուլյացիայի: Ես անձամբ եմ զանգել պարոն Վանեցյանին, ով ինձ բառացի ասել է՝ Արմեն Մելիքբեկյանն Իտալիա չի գալիս Մարինա Թաշչյանի պատճառով: Ֆեդերացիայի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյանի ևս այդպես էր ասել, ով ավելի ուշ կապվեց ինձ հետ Պալերմոյում, ու ասաց, որ Մելիքբեկյանն իրեն նման բան է ասել:

– Ձեր թիմի հարցում հստակություն կա՞ … բացի այն, որ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնում առաջադրելու եք Մարինա Թաշչյանի թեկնածությունը:

– Այո առաջադրելու եմ Մարինա Թաշչյանին: Կարծում եմ՝ նրան ներկայացնելու կարիք չկա: Ֆուտբոլային հանրությունը նրան ճանաչում է: Շնորհակալություն եմ հայտնում իրեն, որ 1 օր մտածելուց հետո տվեց իր համաձայնությունը: Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա ընդհանուր առմամբ 15 հոգով ենք աշխատում, բայց չեմ ցանկանա առանձնացնել: Բոլորն էլ ուժեղ, լավ, կայացած, խելացի ու ֆուտբոլին օգուտ տվող մարդիկ են, որոնց հետո փոխելու ենք ամեն ինչ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.