Պուտինն ու Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ»:

Մեդվեդևն ընդգծել է Փաշինյանի մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին:

Մեդվեդևի խոսքով` ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

«Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին»,– նշել  է ՌԴ վարչապետը՝մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:

 




Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.