ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Մխիթարյանը կմեկնի Բաքու, եթե Արսենալը դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթե լոնդոնյան ակումբը դուրս գա Եվրոպա լիգայի այս խաղարկության եզրափակիչ: Վճռորոշ հանդիպումը պետք է կայանա Բաքվում մայիսի 29-ին:

Այս մասին հայտնում է ESPN-ը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մխիթարյանն Ադրբեջան այցելելու խնդիրներ ունեցել է:

Նախորդ տարվա հոկտեմբերին նա «Արսենալի» կազմում չմեկնեց Բաքու՝ «Ղարաբաղի» հետ խաղին, ինչպես նաև 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա մրցավեճին:

Եթե «զինագործները» Եվրոպա լիգայի այս խաղարկությունում դուրս գան եզրափակիչ, Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր կունենա. Ադրբեջանում արգելում են Հայաստանի քաղաքացիների մուտքը: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը ESPN-ին տեղեկացրել է, որ կառույցն այս հարցում կարող է աջակցել հայ ֆուտբոլիստին.

«ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել նամակներ ակումբներին, ասոցիացիաներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և թույլատրել նրանց հանդես գալու ՈւԵՖԱ-ի մրցաշարերում»,- ասել է ՈւԵՖԱ-ի աշխատակիցը ESPN-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ է հասել: Այս փուլի առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել են «Նապոլիին»: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.