Արարատի մարզպետարանում կայացած օգոստոսյան խորհրդակցության գլխավոր թեման՝ դպրոցների ապաքաղաքականացումը

Արարատի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացած ամենամյա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բացելով ավանդական՝ խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախարարին ու կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ կրթական հաստատություններից ակնկալում է լուրջ բարեփոխումներ ու բովանդակային փոփոխություններ, որոնք նախ և առաջ միտված կլինեն արժանապատիվ քաղաքացիներ կրթելուն ու դաստիարակելու: Օգոստոսյան հերթական խորհրդակցությունը նախորդներից տարբերվել է ոչ ավանդական շեշտադրումներով և կրթության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերի ուղենշմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը շեշտել, որ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը կարևոր է ուսումնական նախորդ տարին ամփոփելու և նոր անելիքները նախանշելու համար: Այնուհետև Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ոչ միայնկարձանագրեն դրական փոփոխություններ, այլև թույլ կտան քայլել բոլորովին նոր ու հեռանկարային ճանապարհով: Կրթության և գիտության նախարարը կենսական է համարել դպրոցների ապաքաղաքականացումն ու շեշտել, որ նախարարությունն ամենայն պատասխանավությամբ որդեգրել է դպրոցները քաղաքական գործընթացներից դուրս մղելու ու կլանային ազդեցություններից ազատելու քաղաքականություն: Խոսելով նոր ուսումնական տարվա անելիքներից՝ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցական ուսումնական ծրագրերի թարմացմանը, դպրոցների տնօրենների ու կառավարման խորհուրդների ընտրական գործընթացների թափանցիկությանը, դրամահավաքության դեմ պայքարին, դպրոցական համազգեստի՝ ոչ պարտադրված ընտրությանը, ինչպես նաև պարտադիր պայման համարել կրթական հաստատության լիցենզիայի առկայությունն ու ավարտական քննութկունների միասնականության սկզբունքը: Եզրափակիչ խոսքում ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքը եզրափակել է կրթության որակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելուն ուղղված կոչով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.