Դպրոցներում տնօրենների ընտրության և ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել. կրթության նախարար

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց հանրակրթական դպրոցներում անարդյունավետ կառավարման մասին: «Տնօրենների ընտրության և ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել, ու դրա պատճառն այն է, որ խորհուրդներում ընդգրկված ԿԳՆ-ն, մարզպետները, երբ մարդիկ էին նշանակում, չէին ասում՝ առաջնորդվեք կրթական համակարգի շահերով, այլ ընդհակառակը՝ ասում էին՝ առաջնորդվեք նեղ անձնական և կուսակցական շահերով։ Դրա համար էլ համակարգը չի կայացել»,-ասաց նա: Նա ասաց, որ դեռ ստիպված են հին համակարգով ընտրություններ անցկացնել. «Բայց հին համակարգի տրամաբանությամբ դեռ նախկին մարզպետարանների, ԿԳՆ-ի նախկին ներկայացուցիչներ կան, որոնք առայժմ առաջնորդվում են նույն նեղ կուսակցական ու անձնական շահերով»։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս վիճակը կշտկվի, որովհետև առաջիկայում պատրաստվում են կառավարման օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել:
Մեկնաբանություններ