
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և այլ պաշտոնյաներ:
Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ Dutch Constituency –ի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթի պատրաստման և համաձայնեցման ժամկետները, 2018 թվականին «Զարգացման քաղաքականության գործիքից» օգտվելու նպատակահարմարության հարցը և «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի իրագործմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով վարչության պետ Ջիհադ Ազուրի հետ: Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՄՀ նախորդ ծրագրի հաջող ավարտին և հայկական կողմի` ԱՄՀ –ի հետ External Fund Facility գործիքի շրջանակներում նոր ծրագիր սկսելու հնարավոր առաջարկին ու ֆիսկալ կանոնների վերանայման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրի ուղղությամբ հետագա աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել հետագայում ևս շարունակել համատեղ ջանքերը ՀՀ ֆիսկալ կանոնների վերանայման, մասնավորապես նաև` ԱՄՀ կողմից նոր տեխնիկական աջակցության ներգրավման մասով: