
Հայտնի է, որ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերից մեկը, որն, առանց չափազանցության, ռազմավարական կարևորություն ունի մեր երկրի ու նույնիսկ ժողովրդի համար, Ջավախքի հարցն է:
Ջավախքի հետ կապված խնդիրներն, անկասկած, բազում են՝ սկսած տեղի հայության սոցիալական վիճակից, արտագաղթից՝ մինչև վրացական իշխանությունների կողմից ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք՝ հանդեպ ջավախահայության ու նույն իշխանությունների կողմից վարվող ձուլողական քաղաքականություն:
Մեկ կարևորագույն խնդիր, սակայն, այս ողջ ընթացքում, թերևս, դուրս է մնացել ուշադրությունից. Վրաստանում թուրքական գործոնի հզորացման փաստն է: Սա խնդիր է, որը, թերևս, ոչ միայն տեղի հայությանն է այլևս վերաբերում, այլև հենց Վրաստանին: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում Թուրքիայի հզորացմանը զուգահեռ Անկարան յուրատեսակ քաղաքականություն է շարունակաբար վարել. արել է իրենից կախված ամեն ինչ՝ Կովկասում, բայց հատկապես Վրաստանում հզորացնելու թուրքական տարրը: Բանը հասել է նրան, որ Աջարիայի մեծ մասը թուրքերն այսօր արդեն հասցրել են գնել, ու միևնույն խնդիրը սպառնում է նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին:
Չնայած Ջավախքը համարվում է գլխավորապես հայերով բնակեցված տարածաշրջան, սակայն թուրքական տարրը հետզհետե զգալի է դառնում նաև այստեղ: Բանը հասել է նրան, որ բիզնես ոլորտում ևս թուրքական տարրը բավականին զգալի է դարձել, ու նույն այդ թուրքական բիզնեսի ներկայացուցիչները կոնկրետ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում մյուսների նկատմամբ ու անում ամեն ինչ՝ խուսափելու ավելորդ մրցակցությունից, ինչը, պետք է խոստովանել, բավական հաջող կերպով ստացվում է նրանց մոտ:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու Ջավախքի հետ ասենք 5-10 տարի հետո մի պարագայում, երբ մի կողմից թուրքական տարրը Վրաստանում հետզհետե հզորանում ու ընդլայնվում է թե՛ քանակապես, թե՛ ֆինասատնտեսական առումներով, մյուս կողմից՝ Ջավախքից տեղի է ունենում հայ բնակչության արտահոսք հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Եթե իրականություն դառնան ամենահոռետեսական սպասումներն, ապա պարզից էլ պարզ է, որ ջավախահայությանը լավ օրեր չեն սպասվում, ու նույնիսկ չի բացառվում Ջավախքի հայաթափումը:
Այս իրավիճակում միակ ելքը ստեղծված իրավիճակից մնում է Հայաստան-Ջավախք կապի ընդլայնումը, Վրաստանում հայկական համայնքի ու հայկական պետության միջև առկա կապերի հզորացումն ու ամրապնդումը: Պետք է մեկ բան հստակ լինի բոլորի համար՝ չի կարող կենսունակ վիրահայ համայք լինել և կամ Ջավախք, եթե Հայաստանը պատշաճ ուշադրություն չդարձնի թե՛ վիրահայությանը, թե՛ Ջավախքին: Ակնհայտ է, որ այս իրավիճակում վրացական իշխանությունները կարող են հայկական կողմի համար դաշնակիցների դերում հանդես գալ, քանի որ վրացիներն էլ են հասկանում, որ թուրքական տարրի հզորացումն արմատապես հակասում է Վրաստանի ազգային, պետկան շահերին: