11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել

Երեխաներ20:50 | նոյեմբերի 4, 202611-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։
shamshyan.com-ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, պատմել է, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։
«Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմել է մայրը։
Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։ Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղան դեռևս ամբողջությամբ չի վերականգնել հիշողությունը․ հիշում է միայն իր անունն ու ազգանունը, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։
Երեխայի հարազատները ցանկանում են, որպեսզի իրավապահ մարմինները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրեն դեպքի վայրի՝ այգու, հարակից ավտոտնակների և տարածքում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների տեսագրությունները։ Նրանց հիմնական նպատակն է պարզել, թե ովքեր են մոտեցել 11-ամյա երեխային, ով է նրան կոնֆետ հյուրասիրել, ինչ է տեղի ունեցել նրա հետ, և ինչի հետևանքով է նա հայտնվել նման վիճակում։
Թեմա
ԵրեխաներԱռողջապահությունՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
