Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին, պարզվել է, ողջ է

Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվել է, ողջ է և հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Տվյալների վերստուգման արդյունքում, այդ թվում՝ զոհերի բարեկամների օգնությամբ, պարզվել է, որ օգոստոսի 14-ին մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին ողջ է։ Նա հոսպիտալացվել է Ջենովայի բժշկական հաստատություն և կոմայի մեջ է»,- հայտնել են Ռումինիայի ԱԳՆ-ում։ Գերատեսչության ներկայացուցիչները պարզաբանել են, որ սխալը պարզվել է, երբ մահացածի ընտանիքը ժամանել է զոհի ինքնությունը հաստատելու համար։ Ավելի վաղ Ռումինիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է երկրի երկու քաղաքացի։ Ջենովայի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին հայտարարել է, որ դեռևս անհետ կորած է համարվում մոտ 20 մարդ։ Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 39 մարդ, կա 16 տուժած: Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա, որի օգնությամբ մաքրվում են փլուզման հետևանքով ընկած ահռելի բեկորները: Իտալիայի կառավարությունը կամրջի փլուզման ողբերգական դեպքի համար մեղադրել էր մասնավոր սեփականատիրոջը՝ պահանջելով համապատասխան պաշտոնյաների ազատում: Իտալիայի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ կամրջի շահագործմամբ զբաղվող Autostrade ճանապարհային ընկերությունը միլիարդներ է ստացել, սակայն դրանք ըստ նշանակության չի ծախսել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.