Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը

Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել են Մոսկվայի և Բաքվի միջև տնտեսական, քաղաքական և մարդասիրական փոխգործակցության «լավ տեմպերը»: Պուտինը նշել է, որ անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 34,4 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում՝ ևս մոտ 19 տոկոս: «Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ ամեն ինչ շատ կայուն է, խորհրդարանականների գծով կան մշտական շփումներ, հասարակական կազմակերպությունների գծով զարգանում են մարդասիրական կապերը: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել»,- ասել է Պուտինը: Ալիևն, իր հերթին, շնորհավորել է ՌԴ նախագահին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա և Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստությունները բարեհաջող ավարտելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ բոլորը գոհ կմնան: «Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ես նույնպես կցանկանայի գոհունակություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման առնչությամբ… Այսօր լավ հնարավորություն է նաև փոխանակվել ընթացիկ օրակարգի վերաբերյալ կարծիքներով, որը նույնպես լայն է»,- հավելել է Ալիևը: ՌԴ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում է Ռուսաստանում օգոստոսի 30-ին: «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք հիմնարար կերպով կքննարկենք և կզբաղվենք դրանով օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում: Բայց մինչ այդ մեր գործընկերները կպատրաստեն ձեր այցը Ռուսաստան»,- ասել է Պուտինը: Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.