fbpx
/// ԼՂ խնդրի կարգավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

ԼՂ խնդրի կարգավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ որպես կարևորագույն խնդիր: Լեռնային Ղարաբաղի 150-հազարանոց բնակչության անվտանգության հարցը միավորում ու կոնսոլիդացնում է Հայաստանի ու երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական հասարակությանը: Մենք խելամիտ մարդիկ ենք և ունենք հստակ հիմնավորումներ՝ առաջ քաշելու մեր առաջնահերթ անհանգստության հարցերը ԼՂ անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ:

Մեզ պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, սակայն դա չպետք է լինի մեր մարդկանց անվտանգության հաշվին»,- նշել է Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը հենց այդ շրջանակում՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կուրսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ արտգործնախարարը պատասխանել է. «Ադրբեջանն այն երկիրն է, որը շրջափակել է Հայաստանը, երկիրը միակողմանիորեն միջոցներ է ձեռնարկում ընդդեմ Հայաստանի: Բաքուն տանում է քաղաքականություն, որի նպատակը խոչընդոտելն է փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծումը, մարդկային շփումների հաստատումը: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: Տեսեք այն տերմինալոգիան, որն օգտագործվում է Հայաստանի ու ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»:

Կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության առկայությունը՝ նա ընդգծել է, որ խնդրի կարգավորման բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խաղաղությանը նպաստող մթնոլորտում:

«Կարևոր է, թե ինչ մթնոլորտում են տեղի ունենում բանակցությունները՝ մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, թե մթնոլորտում, որը նպաստում է ատելության ավելացմանը»,- նշել է Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Մենք զերծ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ կողմ ենք բոլոր խնդիրների լուծմանը բանակցային գործընթացի միջոցով: Սա է մյուս բոլոր հարցերում մեր դիրքորոշման հիմքը»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T10:34:25+00:00 Հունիսի 8 10:34|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//