Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար

Արցախի պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից: Ստորև ներկայացնում ենք Գրիգորի Մարտիրոսյանի կենսագրությունը: 2000-2005 թթ.-ին Մարտիրոսյանը աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ: 2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ: 2008 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ: 2015 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2017 թ.-ին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: Հիշեցնենք, որ այսօր Պետնախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում՝ նշելով, որ ինքը պատրաստվում է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ: Հիշեցնենք՝ վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին ընթանում, մասնավորապես՝ ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով: Արայիկ Հարությունյանը պարբերաբար այցելում էր ցուցարարներին: Պետնախարարի պաշտոնը Ա. Հարությունյանը զբաղեցնում էր անցած տարվա սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց հետո: Մինչ այդ նա 10 տարի Արցախի վարչապետն էր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.